3 րոպեի ընթերցում
Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում 16-18 տարեկան անձանց որոշակի աշխատանքներում ներգրավելու պայմանների սահմանմանը վերաբերող նախագիծը։ Առաջարկվող կարգավորումը բխում է նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկումից։
«Նոր օրենքով սահմանված են աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմանները՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: Ըստ էության՝ դուալ կրթության այս համակարգն ուսանողի համար հնարավոր է դարձնում զուգահեռ աշխատելն ու սովորելը։ Դուալ կրթության համակարգում ուսումնառության գործընթացը կազմակերպվում է գործատուի հետ համատեղ՝ աշխատավայրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով անհրաժեշտ են սովորողների առողջապահական և անվտանգային կանոններն ապահովող պայմաններ:
Նրա խոսքով՝ աշխատավայրում ուսումնառության կազմակերպումն անհրաժեշտություն է համապատասխան գործնական հմտություններ ունեցող կադրերի պատրաստման համար։
«Մեր խնդիրն է սահմանել կարգավորումներ. թե՛ բժշկական զննումները, թե՛ անվտանգային պայմանների ապահովումը նախագծով տրված են: Օրենսդրությամբ արդեն իսկ ունենք կարգավորումների ցանկը. դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ հանքարդյունաբերությանը, քիմիական արդյունաբերությանը և այլն»,- ասել է նախարարը։
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանվել է նաև հրահանգիչ ունենալու պահանջը, ըստ որի՝ մասնավոր տնտեսվարողի մոտ աշխատող անձը կարող է ներգրավվել ուսուցման գործընթացում՝ ուսանողին փոխանցելով գիտելիք և հմտություն։
Նախարարը նաև տեղեկացրել է՝ դուալ կրթություն այս պահին իրականացվում է 21 հաստատությունում՝ 27 մասնագիտությամբ. ցանկը հետզհետե ընդլայնվում է:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մասնագիտական կրթության գրավչությունը հետզհետե բարձրանում է, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2023-2024 ուսումնական տարում 9-րդ դասարանի շրջանավարտների շուրջ 30 տոկոսն ընտրել է ՄԿՈւ համակարգը:
Հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի կիրառումն ու զարգացումը շատ կարևոր են նաև տնտեսության աճը խթանելու առումով։ Այս համատեքստում նա կարևորել է ՄԿՈւ համակարգի զարգացումը հատկապես մարզերում՝ ընդգծելով, որ նախապատվությունը պետք է տալ տվյալ մարզում հեռանկարային համարվող տնտեսության ճյուղերը սպասարկող մասնագիտություններին։