Հայաստան

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը, չնայած իր մոտ եղած հրազենին, ձերբակալության պահին դիմադրություն չի ցուցաբերել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ՝ նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, և գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»,- ասել է վարչապետը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի։ Մուսաևը դիմել է փախուստի, ապա հայտնաբերվել նույն բնակավայրի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել։

Դատախազությունը հոկտեմբերի 2-ին հայտնել էր Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։ Դրանք վերաբերում են պետական սահմանն ապօրինի հատելուն, հրազենի մաքսանենգությանը և ապօրինի շրջանառությանը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելուն ու առողջությանը ծանր վնաս պատճառելուն։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում