Քաղաքականություն

Ռասմուսենի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է իր լծակներով ստիպի Ադրբեջանին ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

Ռասմուսենի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է իր լծակներով ստիպի Ադրբեջանին ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի դիտարկմամբ՝ Եվրոպական միությունն էներգետիկ ոլորտում մեծ լծակներ ունի Ադրբեջանի նկատմամբ, ինչը պետք է արդյունավետ օգտագործի, որպեսզի Բաքուն ստորագրի Երևանի հետ խաղաղության համաձայնագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի բնորոշմամբ՝ Եվրոպական միությունն էներգետիկ ոլորտում բավականին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ։ 

«Այս առումով, կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է արդյունավետ օգտագործի այդ լծակը, որպեսզի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ»,-ընդգծել է նա:

Ռասմուսենը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը առավելագույն ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա՝ հասնելու խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։ 

«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը ազդեցություն կգործի Բաքվի վրա և կպահանջի, որ նա հնարավորինս շուտ ստորագրի համաձայնագիրը։

Ռասմուսենը նաև նշել է, որ կիսում է հայ ժողովրդի հիասթափությունն այն առումով, որ Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության կոչերը հետևանքներ չեն ունենում։ 

«Հուսով եմ, որ միջազգային հանրությունը դաս է քաղել և իր կողմից առավելագույն ճնշումը կգործադրի՝ ստիպելու Ադրբեջանին կնքել խաղաղության համաձայնագիրը»,-շեշտել է Ռասմուսենը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում