ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում առաջիկայում կայանալիք բանակցություններում կքննարկեն ռուս-ուկրաինական համակարտության կարգավորման տեսակետները: Բացի այդ, երկու երկրների միջև տեխնիկական խմբերի մակարդակով բանակցությունները նվիրված կլինեն նաև սևծովյան նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«(Խմբ.՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսով) խոսել են նաև սևծովյան նախաձեռնության վերսկսման մասին: Այնտեղ շատ շատ են նաև նրբությունները, որոնք պետք է քննարկվեն», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ երկու երկրների տեխնիկական խմբերը կհավաքվեն «այդ թվում նաև այդ նրբությունները քննարկելու համար»։
«Մենք սևծովյան նախաձեռնության իրականացման բավականին մեծ փորձ ունեինք, - հիշեցրել է Պեսկովը «հացահատիկի գործարքի» մասին։ - Այն ժամանակ մենք կատարում էինք բոլոր պայմանները, բայց մեր նկատմամբ պայմաններն այդպես էլ չկատարվեցին: Ուստի, իհարկե, այս ամենը, ինչպես ասում են, պետք է մանրամասն քննարկվի»,- հավելել է նա։
Սևծովյան նախաձեռնությունը, որը նաև հայտնի է որպես «հացահատիկի գործարք», ենթադրում էր ուկրաինական հացահատիկի արտահանում սևծովյան նավահանգիստներից, ինչպես նաև դեպի աշխարհի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման կարգավորում։ 2023 թվականի հուլիսին Մոսկվան դուրս եկավ գործարքից՝ նշելով, որ իր նկատմամբ պարտավորությունները չեն կատարվել: