Սևան համայնքում ևս մեկ սուբվենցիոն ծրագիր է ավարտվել
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում արդեն ավարտվել է փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2024 թվականի վերջերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի փողոցային լուսովորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմել է 70 միլիոն 781 հազար 332 դրամ, որից 28 միլիոն 312 հազար 533 դրամը ներդրվել է համայնքի, 42 միլիոն 468 հազար 799 դրամը՝ ՀՀ կառավարության կողմից:
Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվել է 261 հենասյուն և 290 լուսատու, որն ընդգրկել է 17 փողոց և 7 բակային տարածք՝ շուրջ 8000 գծամետր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատում է ԼԷԴ համակարգով։
«Իրականացված ծրագրի շրջանակներում լուծվել է քաղաքի համար առաջնահերթություն ներկայացնող ևս մեկ խնդիր՝ նպաստելով փողոցների և տարածքների անվտանգության, հարմարավետության, ապահովմանը: Հավելենք, որ այդ փողոցներում և բակային տարածքներում չի եղել լուսավորության ցանց կամ տասնամյակներ շարունակ ցանցը չի շահագործվել»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։