Քաղաքականություն

Ադրբեջանի համար պետք է հստակ դարձնել, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության ժամանակը. Ռասմուսեն

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի համար պետք է հստակ դարձնել, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության ժամանակը. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդավարական դաշնակիցները պետք է Ադրբեջանի համար հստակ դարձնեն, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղությանը համաձայնություն տալու ժամանակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Սկսել եմ իմ այցը Հայաստան G7-ի և Եվրամիության դեսպանների հետ։ Հայաստանի ժողովրդավարական դաշնակիցները պետք է հստակ դարձնեն Ադրբեջանի համար, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղությանը համաձայնություն տալու ժամանակը»,- գրել է Ռասմուսենը։ 

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 20-ին։ Նա Իջևան քաղաքում հանդես է եկել մամուլի ասուլիսով։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը մինչդեռ նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում