Մարզեր

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել զբոսաշրջության զարգացման թեմայով

4 րոպեի ընթերցում

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել զբոսաշրջության զարգացման թեմայով

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել զբոսաշրջության զարգացման ուղղությամբ՝ պատմաաշխարհագրական հետազոտություն իրականացնելով իրենց ծննդավայրի պատմամշակութային ու բնության հուշարձանների տարածքներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, նախագծային աշխատանքներն իրկանացրել են 8-րդ դասարանի աշակերտները՝ պատմության ուսուցչուհի Լիլիթ Գևորգյանի, աշխարհագրության ուսուցչուհի Աստղիկ Հակոբյանի և անգլերենի ուսուցչուհի Անուշ Դարբինյանի ղեկավարությամբ։ 

Նախագծի իրականացման շրջանակներում աշակերտներն իրենց ուսուցիչների ուղեկցությամբ այցելություններ են կատարել Մարտունի քաղաքի հարավարևելյան թևում տարածվող ու պատմության ու բնության հուշարձաններով հարուստ Մթնաձոր տեղանք ու Արմաղան լեռան գագաթ, ուսումնասիրել հուշարձանները, կազմել դրանց մասին ճանաչողական գրքույկներ ու պատմաաշխարհագրական տեղեկանքներ՝ հայերենով ու անգլերենով և դրանք տարածել համացանցով։ Ուսումնական նախագիծը կյանքի է կոչվել «Զբոսաշրջությունը Մարտունիում՝ Արմաղան լեռ, Գոմեր և Մթնաձոր» թեմայով: 

«Մարտունիում, որպես զբոսաշրջությային գրավչության վայրեր, աչքի են ընկնում Գեղամա լեռնավահանի կոնաձև գեղեցկուհին՝ Արմաղանը, որի գագաթից երևում է Սևանա լճի ողջ հայելին, Գեղամա, Արեգունու և Վարդենիսի լեռնաշղթաները, Ագրիճի գետի ոլորանները, անգամ՝ Արարատ լեռը և Մարտունու հնավայրերից մեկը հանդիսացող «Մթնաձոր և Գոմեր» անունը կրող ամառային արոտավայրը, որտեղ պահպանվել են հինգ տասնյակից ավելի միջնադարյան ժամանակաշրջանի խաչքարեր ու տապանաքարեր: Մթնաձորում պահպանվել է նաև հնագույն ջրանցք, որը գործում է մինչ օրս, կիկլոպյան  ամրոցներ, գյուղատեղիների ավերակներ, միջնադարյան կառույց հանդիսացող Սուրբ Ստեփանոս եկեղեցին, լեռան փեշով ձգվող քարավանային ճանապարհի հետքեր, բնության սքանչելի հուշարձաններ։ Նախագծի նպատակն էր խորացնել գիտելիքները հայրենի բնաշխարհի ճանաչողության շուրջ, ձևավորել գիտելիքներ զբոսաշրջության շուրջ, ուսումնական նախագծի նյութը ներկայացնել օտար լեզվով՝ տեսարժան վայրերը գրավչության նյութ դարձնելով օտարերկրացիների համար։ Միաժամանակ նկարահանվել է տեսանյութ՝ Արմաղան լեռան ու Մթնաձորի մասին: Նյութում ներկայացվել է պատմական ակնարկ Մարտունի քաղաքի հիմնադրման, բնակչության տեղաշարժերի, պատմական այլ կարևորագույն իրադարաձությունների մասին։ Որպես նյութի աբյուր՝ օգտագործվել են պատմագիտական փաստերը, համացանցում առկա նյութերը, ինչպես նաև՝ բանավոր զրույցները։ 

«Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի իրականցման համար, անշուշտ, թվարկված բնական ու պատմական հուշարձանների տարածքներում կարելի է հսկայածավալ ներդումներ կատարել ճոպանուղիների, ճանապարհների, գիշերակացների կառուցման ուղղություններում: Բայց առաջին անհրաժեշտ քայլը մենք համարում ենք Գեղհովիտ գյուղով անցնող Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի սկզբից մինչև Մթնաձոր տանող ճանապարհի ասֆալտապատումը, որի երկարությունը կազմում է  1-1,5 կմ և պատմական գերեզմանոցի ցանկապատումը, ինչպես նաև պատմական հուշարձանների մասին ցուցանակի տեղադրումը: Կարծում ենք, որ քայլը կարող է լինել Մթնաձորի ողջ գրավչությունների ներկայացման ու յուրացման առաջին լուրջ ձեռնարկը»,-ներկայացրեց պատմության ուսուցչուհի Լիլիթ Գևորգյանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում