Մշակույթ

Միսաք Մանուշյանը՝ հարուստ գունապնակով. Երևանում մեկնարկեց հերոսին նվիրված շաբաթը

8 րոպեի ընթերցում

Միսաք Մանուշյանը՝ հարուստ գունապնակով. Երևանում մեկնարկեց հերոսին նվիրված շաբաթը

Բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ամբողջական կերպարը հնարավոր կլինի բացահայտել մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող «Մանուշյանական շաբաթ» նախագծի շրջանակում։ Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին նվիրված շաբաթվա ընթացքում սպասվում են ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ներկայացման առաջնախաղ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլ հանդիսավոր միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բազմաբովանդակ նախաձեռնությունները կիրականացվեն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Մատենադարանում։

Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց՝ Մանուշյանին նվիրված շաբաթվա անցկացումը Հայաստանում այն հրաշալի արարողությունների տրամաբանական շարունակությունն է, որոնք ավելի վաղ կազմակերպվել են Ֆրանսիայում։ Նա հատկապես կարևորեց Փարիզի պանթեոնում Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին թանգարանը ևս մասնակցել է։

«Մանուշյանական շաբաթվա ընթացքում մեր թանգարանը ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն, որը կրում է «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» խորագիրը։ Ցուցադրվում են Մելինե Մանուշյանի զարմուհու՝ Կատյա Կիրակոսյանի անձնական արխիվից նյութեր, որոնք Ֆրանսիայից բերված բացառիկ վավերագրեր են։ Ցուցադրությանը հաջորդելու է Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հայերեն թարգմանված գրքի, ինչպես նաև «Մանուշյան...» պիեսի շնորհանդեսը, նախատեսվում է նաև պանելային քննարկում»,-տեղեկացրեց նա։

«Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը հատկապես էական է համարում Միսաք Մանուշյանին տարբեր դիտանկյուններից ներկայացնելը՝ պատմական, գիտական, մշակութային, կրթական։ Մանուշյանական շաբաթը կավարտվի մարտի 18-ին, սակայն Խաչատրյանը հույս ունի, որ մարտի 18-ից կսկսվի մանուշյանական տարին, տասնամյակը, հարյուրամյակը, քանի որ Մանուշյանն այն կերպարն է, որին պետք է անդրադառնալ դպրոցական տարիքից, իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։

Անդրադառնալով Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սպասվող ներկայացմանը, որի բեմադրիչն ինքն է՝ Խաչատրյանը հայտնեց, որ այն հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է։ Բեմադրությունն արդեն թատրոնի խաղացանկում է։ «Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան...» պիեսը, որի հիման վրա բեմադրվել է ներկայացումը, հատուկ գրվել «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության պատվերով։ Այն հանդիսատեսին է ներկայացնում Մանուշյան զինվորին, դիմադրության մարտիկին, հային, բայց նաև օտարազգի զինակիցներին, որոնք իրենց կյանքը նվիրել են Ֆրանսիայի ազատագրմանը»,-պատմեց Խաչատրյանը։

Նա կարծում է, որ հնարավոր կլինի համագործակցել մարզային և մայրաքաղաքի դպրոցների հետ, որպեսզի աշակերտներն այն անպայման դիտեն, քանի ներկայացումն ունի կարևոր հաղորդագրություններ։ 

Ներկայացման առաջնախաղով նաև կազդարարվի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը հիշեցրեց Մանուշյանի մի նամակի մասին, որը նա Ֆրանսիայի բանտից գրել է իր կնոջը՝ Մելինե Մանուշյանին, գնդակահարվելուց ժամեր առաջ։

«Նամակն ասես բացահայտում է Մանուշյանի էությունը։ Այն կարող է հրաժեշտի նամակ դիտարկվել, բայց ավելի շատ ուղերձ է սերունդներին։ Նա գրել է. «Իմ սիրելի Մելինե, որբուկ, մի քանի ժամից  կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը ժամը 15։00-ին»։ Նամակում հրաշալի տողեր կան։ Մի էջում Մանուշյանն արտահայտել է մտքեր, որոնք կարող են գաղափարախոսություն դառնալ։ Նա ասում է. «Երջանկություն նրանց, ովքեր կվերապրեն մեզ ու կհամտեսեն վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը։ Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակ ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա որպես պատիվ և որպես պարգև։ Գերմանացի և մյուս բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որը երկար չի տևի։ Ես ներում եմ նրանց»։ Մանուշյանը նաև Մելինեին խնդրել է իր հուշերը տանել Հայաստան»,-ասաց փոխնախարարը։

«Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» ցուցադրության մեջ ընդգրկված է Մանուշյանի մեկ այլ նամակ, որը նա գրել է մահից ժամեր առաջ և ուղարկել Մելինեի քրոջը՝ նրան խնդրելով անպայման ամուսին գտնել Մելինեի համար։ Բացառիկ նամակը, որը Կատյա Կիրակոսյանի անձնական հավաքածուից է, առաջին անգամ է ներկայացվում հանրությանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին նկատեց, որ Մանուշյանը պատկանում է համայն մարդկությանը։ Դեսպանն ընդգծեց, որ Մանուշյանն իր կյանքը զոհել է հանուն Ֆրանսիայի ազատագրման, երբեք չի եղել Հայաստանում, սակայն հոգով ու սրտով հայ է եղել, լինելով ցեղասպանությունից մազապուրծների ժառանգ՝ մշտապես վառ է պահել հայկական կրակը։  

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ հիշերեց, որ Երևանի բանուկ հատվածներից մեկում գտնվող զբոսայգիներից մեկը կրում է Միսաք Մանուշյանի անունը։ Շուտով զբոսայգում կտեղադրվի Մանուշյանի արձանը, որի հեղինակը Սարգիս Բաբայանն է։ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթի արդյուքնում ընտրվել է այն նախագիծը, որը Մանուշյանին կպատկերի ինչպես կենդանի մարդու, որը զբոսնում է այգում։ 

«Մանուշյանական շաբաթ» նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից:

Նախագծի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը և այլք։ Գործընկերներն են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում