Չինաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ՌԴ-ի և Իրանի հետ. ավարտվել է եռակողմ հանդիպումը
2 րոպեի ընթերցում

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանն անընդհատ կխորացնեն փոխանակումները և համագործակցությունը՝ առանց վնասի մյուս երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ամփոփելով իրանական միջուկային ծրագրի շուրջ ՉԺՀ-ՌԴ-Իրան ձևաչափով հանդիպման արդյունքները։
«Չինաստանը երկկողմ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ, մեր երկրները Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի կարևոր անդամներ են։ Երեք պետությունների առաջնորդների ռազմավարական ղեկավարությամբ մենք պատրաստ ենք պաշտպանելու չմիացման, չառճակատման և այլ երկրների չթիրախավորման սկզբունքները, մշտապես խորացնելու փոխանակումներն ու համագործակցությունը, ամրապնդելու համակարգումը միջազգային գործերում, ավանդ ներդնելու տարածաշրջանային խաղաղության պահպանման և գլոբալ կայունությանն աջակցության գործում», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է հետևենք միջազգային կանոններին և պահպանենք միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամբողջականությունը: Բարձր գնահատելով Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից հրաժարվելու՝ իր պարտավորությունների կատարումը, մենք լիովին հարգում ենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը», - հավելել է նա:
Վան Իի խոսքով՝ նաև անհրաժեշտ է ձգտել փոխհամաձայնության ընդլայնման, խորհրդակցությունների միջոցով խելամիտ որոշումների որոնման, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերը։ Իրանական միջուկային ծրագրի շուրջ Պեկինում կայացած եռակողմ հանդիպումը նախարարը համարել է «կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ»։
Մարտի 14-ին Պեկինում կայացել է իրանական միջուկային խնդրին նիրված հանդիպում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի փոխնախարարների մասնակցությամբ: