Կրեմլն ԱՄՆ-ից մանրամասն տեղեկատվություն է սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Ռուսաստանին կհայտնեն մարտի 11-ին Ուկրաինայի հետ տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ, ինչպես և երեկ ասվեց Ջիդդայում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Ուոլցն այս օրերին տարբեր ուղիներով մեզ կտեղեկացնեն կայացած բանակցությունների մանրամասնություների և ձեռք բերված փոխըմբռնումների մասին», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նաև նշել է, որ «այս պահին Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։
«Վաշինգտոնից որևէ հարցում դեռ չի ստացվել», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Պեսկովը նաև ասել է, որ Պուտինի և Թրամփի հնարավոր դեմ առ դեմ հանդիպման օրն ու վայրը որոշված չեն։
Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Երկու երկրների ղեկավարները մեկուկես ժամ քննարկել են ուկրաինական հիմնախնդիրը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները։ Երկու նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում՝ կազմակերպել անձնական հանդիպումներ: