Քաղաքականություն

Ադրբեջանի նպատակը սադրիչ հրապարակումների միջոցով նոր պատերազմի հնարավորությունը օրակարգում պահելն է. Արմեն Պետրոսյան

7 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նպատակը սադրիչ հրապարակումների միջոցով նոր պատերազմի հնարավորությունը օրակարգում պահելն է. Արմեն Պետրոսյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ադրբեջանական մամուլում պարբերաբար տեղ գտնող և Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ պարունակող սադրիչ ու հակասական հրապարակումների նպատակը նոր պատերազմի հնարավորությունը օրակարգում պահելն է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձավ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում տեղ գտած քարոզչությանը, թե Հայաստանը իբր պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր պատերազմի՝ նշելով, թե ինչ նպատակներ է հետապնդում ադրբեջանական կողմը՝ ասպարեզ նետելով նման հրապարակումներ։   

Մասնավորապես ադրբեջանական իշխանություններին սպասարկող քարոզչամիջոցներից մեկը՝ caliber.az տեղեկատվական կայքը, իր հրապարակումներից մեկում («Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմի վերջին պատրաստություններն է իրականացնում») նշել է, որ հայկական կողմն իբր նախապատրաստվում է հերթական ագրեսիային և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները կրում են համակարգված բնույթ՝ ընդգրկելով մի քանի բաղադրիչներ, մասնավորապես՝ Հայաստանում երկարաձգվել են պահեստազորի հավաքները, Ադրբեջանի հետ սահմանային գոտիներում ստեղծվում են նոր ինժեներական և մարտական ամրակառույցներ, Հայաստանը շարունակում է սպառազինություն ձեռք բերել Հնդկաստանից և Ֆրանսիայից, իսկ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն էլ Հայաստանի օգտին իրականացնում է լրտեսական գործունեություն։ 

«Նման բովանդակությամբ հրապարակումների պարբերական տարածումն ադրբեջանական մամուլում հետապնդում է մի քանի նպատակ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով։ Առաջինը՝ բնականաբար նոր պատերազմի հնարավորությունը օրակարգում պահելն է, այսինքն՝ քարոզչական և քաղաքական ֆոնի ստեղծումը՝ պնդելով, թե Հայաստանն իբր պատրաստվում է պատերազմի, հետևաբար Ադրբեջանը տեղեկացված է Հայաստանի ծրագրերին ու պատրաստվում է հակահարված հասցնել։ Նման հրապարակումները կրում են պարբերական բնույթ և տարբեր ժամանակահատվածներում տվյալ միտումն ակտիվանում կամ պասիվանում է, բայց երբեք չի ընդհատվում»,- նշեց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ նման հրապարակումների միջոցով ադրբեջանական կողմը, փաստորեն, փորձում է նոր էսկալացիայի հնարավորության քարոզչական և քաղաքական ֆոն ստեղծել։ Ըստ նրա՝ նման տրամաբանության վերջնանպատակն Ադրբեջանի տեսանկյունից ռազմական առումով դեռևս չլուծված խնդիրների համար հող նախապատրաստելն է։

«Երկրորդ նպատակը նման քարոզչական գործողությունների միջոցով Հայաստանի կառավարությանն ընթացող բանակցային գործընթացում մի շարք ուղղություններով միակողմանի, հավելյալ զիջումների դրդելն է՝ հակառակ դեպքում կանխորոշելով պատերազմի հետ առերեսվելու վտանգի գործոնը, սակայն մեր իշխանությունները շատ լավ գիտակցում են ադրբեջանցիների կողմից հնարավոր էսկալացիայի համար ֆոն ստեղծելու հանգամանքը։ Իսկ երրորդ նպատակն այն բովանդակության ամրագրումն է, որն առկա է նման բազմաթիվ նյութերում, այն է՝ ներկայացնել ՀՀ-ի կողմից վերջին տարիների ընթացքում ռազմական ոլորտում իրականացվող քայլերը՝ սկսած նոր պաշտպանական գոտիների ստեղծումից, վերջացրած նոր սպառազինությունների ձեռքբերմամբ։ Այսինքն՝ ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, թե իրենց հետախուզությունն ու հատուկ ծառայությունները քաջատեղյակ են Հայաստանի կողմից իրականացվող բոլոր քայլերին՝ իր անվտանգության համակարգը բարելավելու տեսանկյունից»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։  

Պետրոսյանը հավելեց, որ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում տեղ գտած նման հրապարակումները նաև ուղղված են արտաքին լսարանին՝ այն շեշտադրությամբ, որ Ադրբեջանը հետևում է Հայաստանի քայլերին և պատրաստ է ցանկացած պահի տալ հակահարված։   

«Եվ ամենավերջինը, որ պակաս կարևոր չէ։ Նման հրապարակումներն ուղղված են ներքին լսարանին ևս, հետևաբար այդ լսարանի վրա նույնպես ազդելու նպատակ են հետապնդում, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանի ներսում Իլհամ Ալիևի ու նրա վարչակարգի ժողովրդականության վարկանիշը որոշակի անկում է ապրում՝ պայմանավորված տնտեսական բազում խնդիրներով։ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի և դրան հետևած զարգացումների հիման վրա իրականացվող քարոզչությունն այլևս դրական անհրաժեշտ ազդեցություն չի ապահովում, հետևաբար որպեսզի հասարակության շրջանում հակաիշխանական տրամադրությունները կանխվեն ու չխորանան, պետք է անընդհատ փորձել հասարակության վրա նման քարոզչությամբ ներգործել՝ պահպանելով նոր պատերազմի հավանականության վարկածը, որպեսզի մարդիկ հակված չլինեն մտածել այլ հարցերի շուրջ՝ գերադասելով անվտանգային խնդիրները»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։ 

Անդրադառնալով հատկապես ադրբեջանական կողմի այն սադրիչ պնդումներին, թե իբր Հայաստանի սահմաններին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդները զբաղվում են լրտեսությամբ և իրենց մշտադիտարկումներին առնչվող տեղեկատվությունը փոխանցում են հայկական կողմին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ նման քարոզչական հնարքն ունի կանխամտածված նշանակություն։  

«Նման քարոզչությունն ուղղված է ԵՄ դիտորդների գործունեությանը դեմ հանդես եկող երկրների լսարաններին՝ նույն Իրանին և Ռուսաստանին, որոնց կարծիքը Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում դիտորդական առաքելության տեղակայման հարցում միանշանակ չէ։ Տակավին օրակարգում է պահվում այդ առաքելության դեմ քարոզչությունը, և դրանով իսկ ադրբեջանական կողմը հրավիրում է սեփական դիրքորոշումը կիսող երկրներին ևս միանալ իրեն։ Այդուհանդերձ, դիտորդների գործունեության հետ կապված քարոզչական կեղծիքի նպատակը դարձյալ քաղաքական և քարոզչական մակարդակներում այնպիսի ֆոն ապահովելն է, թե իբր դիտորդները ոչ թե վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը կամ երկու երկրների միջև սահմանի անդորրը, այլ լրտեսություն են իրականացնում Հայաստանի օգտին»,- պարզաբանեց քաղաքական վերլուծաբանը։  

Պետրոսյանի պնդմամբ՝ նման գործելակերպով Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ հնարավոր նոր էսկալացիայի դեպքում դիտորդական առաքելության արձագանքներն ու տեղեկատվությունը ոչ միանշանակ ընդունվեն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս միջազգային հանրության շրջանում, որպեսզի դիտորդական առաքելության գործունեությունը որպես օբյեկտիվ գործոն չդիտարկվի իրավիճակի գնահատման համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում