Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող չորս նավ է շրջվել Եմենի և Ջիբութիի ջրերում․ կա 2 զոհ, 186 անհետ կորած
2 րոպեի ընթերցում

Եմենի և Ջիբութիի ջրերում Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող չորս նավ է շրջվել, որի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 186-ը անհետ կորել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Թամիմ Էլիանը The Associated Press-ին հայտնել է, որ մարտի 6-ի երեկոյան Եմենի մոտ երկու նավ է խորտակվել: Անձնակազմի երկու անդամները փրկվել են, սակայն 181 միգրանտ և եմենցի անձնակազմի հինգ անդամ անհետ կորած են:
Նա նաև նշել է, որ ուժեղ քամիների պատճառով ևս երկու նավակ շրջվել է Ջիբութիի մոտ: Ներգաղթյալների երկու մարմին է հայտնաբերվել, իսկ մյուսները փրկվել են:
Արևելյան Աֆրիկայից և Աֆրիկայի եղջյուրից Եմեն տանող ներգաղթի ճանապարհը մնում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը։ Չնայած Եմենում շարունակվող հակամարտություններին և պայմանների վատթարացմանը՝ ամեն տարի հազարավոր մարդիկ փորձում են հատել այս երթուղին աշխատանք գտնելու նպատակով: Եմեն հասնելու համար մաքսանենգները միգրանտներին տեղափոխում են հաճախ վտանգավոր, գերծանրաբեռնված նավերով Կարմիր ծովով կամ Ադենի ծոցով:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ վերջին տասնամյակում առնվազն 2082 միգրանտ է անհետացել այս ուղին հատելու ընթացքում, որոնցից 693-ը, ինչպես հայտնի է, խեղդվել են: Ներկայում Եմենում գտնվող ներգաղթյալների թիվը կազմում է մոտ 380 հազար։