Միայն ամպագոռգոռ հայտարարություններով չէ, որ հետամուտ ենք գերիների՝ օր առաջ ազատ արձակմանը. ԱԳ նախարար
2 րոպեի ընթերցում

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը Հայաստանի իշխանության օրակարգում է ու առաջնահերթություններից մեկն է:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկը գնահատեց անսթափ: Օսկանյանն այս առաջարկը պայմանավորել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։
«ՀՀ–ն խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ»,–ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունն իր կառուցողական ջանքերը գործադրելու է, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա և եղած բոլոր խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում՝ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը: Միրզոյանի վստահեցմամբ՝ դա, անշուշտ, կառավարության առաջնահերթություններից մեկն է և օրակարգում է:
Անդրադառնալով օրեր առաջ ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված ակցիային, որի մասնակիցները պահանջում էին նաև հրավիրել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու ներկայացնել հարցը՝ Միրզոյանն ասաց. «Միայն ամպագոռգոռ հայտարարություններով չէ և միայն հրապարակային գործունեությամբ չէ, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց, ռազմագերիների՝ օր առաջ ազատ արձակմանը: Դրա համար մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը՝ նախևառաջ, իհարկե, դիվանագիտական խողովակներով»:
ԱԳ նախարարն ընդգծեց՝ կան նաև տեսանելի գործողություններ, և ինքը զարմանում է, որ գործընկերները կամ չեն տեսնում կամ ջանք չեն գործադրում այդ մասին իմանալու:
Նա նշեց, որ 2020 թվականի պատերազմից ի վեր 150–ից ավելի գերի է եղել, և նրանց մեծ մասը վերադարձվել է հայրենիք: