Կառավարությունն անկանխիկ շրջանառության վրա ավելի մեծ շեշտ դնելու ռազմավարական որոշում ունի
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ունի ռազմավարական որոշում, որ առաջիկայում պետք է թվայնացման, որպես արդյունք նաև անկանխիկ շրջանառության վրա ավելի մեծ շեշտ դնի:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունենք ռազմավարական որոշում, որ առաջիկայում պետք է թվայնացման, հետևաբար որպես արդյունք, անկանխիկ շրջանառության վրա դնենք ավելի մեծ շեշտ»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե բանկերը դրանից ավելի շատ գումար են աշխատում: «Երբ մարդը կանխիկ է պահում, դրա անվտանգությունը գումար չի հաշվում, բայց դա ծախս է, չէ՞: Կամ, օրինակ, երբ կանխիկ գումարը կորսվում է և այլն»,–նշեց նա:
Փաշինյանը հիշեցրեց համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում որոշակի ծախսերի դիմաց գումարի վերադարձի հնարավորության մասին. «Եթե նախկինում անկանխիկ վճարել եք, այսինքն՝ հետագծելիություն կա, ապա, որպես սոցիալական կրեդիտ, դա ևս վերադարձնում ենք»:
Վարչապետի վստահեցմամբ՝ կառավարությունը մտածում է նման որոշումների ուղղությամբ: Սակայն հիմա կոչն է, որ մարդիկ մաքսիմալ անկանխիկ առևտուր անեն, որ երբ նման որոշում կայացվի, հնարավոր լինի դա բոլորի վրա տարածել: