ԲՏԱ ոլորտում բարձրակարգ համագործակցությունից շահում են և՛ Հայաստանը, և՛ միջազգային գործընկերները. Երևանում բացվեց Microchip-ի նոր գրասենյակը
7 րոպեի ընթերցում
Մայրաքաղաքի Ադոնցի 4 հասցեում կայացավ Microchip ընկերության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, FPGA բիզնես ստորաբաժանման մարքեթինգի, ռազմավարության և հաճախորդների կիրառական լուծումների փոխնախագահ Շաքիլ Պիրան, նույն կազմակերպության բիզնես ստորաբաժանման ծրագրային ապահովման և լուծումների զարգացման ավագ տնօրեն Ռաջիվ Ջարայաման։
Microchip Technology ընկերության ղեկավարներն այցելել են Հայաստան /մարտի 1-4-ը/՝ նշանավորելով ներդրումային նոր փուլի մեկնարկը և նոր գրասենյակի բացումը։ Միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի առաջատար ներկայացուցիչները, այդ թվում՝ Instigate-ի համահիմնադիրները, որոնք առանցքային դեր են խաղացել Հայաստանում թիմի ձևավորման գործում 2020 թվականին՝ հետագայում հանգեցնելով Microchip-ի կողմից դրա ձեռքբերմանը 2023 թվականի մայիսին։
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Microchip-ի նման ընկերությունների կողմից ՀՀ-ում գրասենյակներ բացելու իրողությունը խոսում է այն մասին, որ Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային հաբ դարձնելու բոլոր քաղաքականությունները տալիս են ցանկալի արդյունքներ։
«Microchip-ի հետ համագործակցությունը կարևոր է այն համատեքստում, որ սա երկկողմ փոխշահավետության սկզբունքի հիման վրա է դրված։ Նախ շահում է Հայաստանը, որովհետև այս ամենը դրական ազդեցություն է ունենում մեր տնտեսության զարգացման վրա, բացվում են նոր աշխատատեղեր։ Ինչպես նաև այս ամենը գլոբալ շուկաներին հասանելիություն է ապահովում մեր ինդուստրիայի համար։ Սա փոխշահավետ համագործակցություն է նաև նման վերազգային ընկերության համար՝ նոր տաղանդներ ներգրավելու և արտադրական, հետազոտական կարողություններն ընդլայնելու առումով։ Այն համագործակցությունը, որը հիմնված է երկարաժամկետ փոխշահավետության սկզբունքի վրա, անկասկած ունենալու է երկար կյանք»,- ասաց Հայրապետյանը։
Նախարարն ուրախությամբ արձանագրեց, որ Microchip-ը միայն երևանյան գրանցում չունի, ինչը նախարարության քաղաքականության համար առանցքային նշանակություն ունի։
«Ժամանակի ընթացքում մենք պետք է ներդնենք հավելյալ գործիքներ՝ մարզերում խրախուսելու ոչ միայն տարատեսակ լոկալ, այլև վերազգային ընկերությունների ծավալումը։ Սա կարևոր է տեղերում մարդկային կապիտալի զարգացման, մարզերում կյանքն աշխուժացնելու, նոր գիտելիքներ ձևավորելու և ենթակառուցվածքներ ստեղծելու առումով, ինչը մեզ համար իսկապես ռազմավարական նշանակություն ունեցող գործոն է»,- ասաց ԲՏԱ նախարարը։
FPGA-ի բիզնես ստորաբաժանման մարքեթինգի, ռազմավարության և հաճախորդների կիրառական լուծումների փոխնախագահ Շաքիլ Պիրան նշեց, որ բավականին կարճ ժամանակամիջոցում հաջողվեց համատեղ աշխատանքի շնորհիվ հարմարավետ գրասենյակներ բացել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Իջևանում։
«Բարձրակարգ գործունեության շնորհիվ այստեղ աճում է մեր ներկայությունը։ Այս օրերին ունեցած հանդիպումներից ու քննարկումներից իսկապես տպավորված եմ։ Համոզված եմ, որ այս շենքից դուրս կգան համաշխարհային նշանակության բարձր որակի լուծումներ, ծրագրային ապահովում և ալգորիթմներ, որոնք կիրառվում են տարբեր ոլորտներում։ Շատ նորարարությունների հեղինակ կդառնան հենց այս թիմի ներկայացուցիչները։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանին դարձնեն զարգացող համաշխարհային գործընթացների մասնակից։ Հուսով ենք, որ նրանց աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ բարձր տեխնոլոգիաների բնագավառում կիմանան Հայաստանի դերի մասին»,- ասաց Պիրան։
FPGA-ի բիզնես ստորաբաժանման ծրագրային ապահովման և լուծումների զարգացման ավագ տնօրեն Ռաջիվ Ջարայաման տեղեկացրեց, որ առաջին անգամ, երբ 15 տարի առաջ աշխատում էր ստարտափ ընկերությունում, դեռ այն ժամանակ խորհուրդ տվեցին այցելել Հայաստան և տեղում ծավալել գործունեություն՝ հաշվի առնելով տեղի կադրերի որակն ու հմտությունները։
«Սա արդեն իմ վեցերորդ այցն է Հայաստան։ Մենք սկզբում ստեղծեցինք փոքրիկ ընկերությունը, որտեղ աշխատակիցների թվաքանակը հետագայում հասավ վաթսուն հոգու։ Երբ միացանք Microchip ընկերությանը, որոշեցինք զարգացնել նոր հնարավորություններ Հայաստանում՝ բացելով մեր մասնաճյուղերը։ Հայաստանի գրավչության մի մասը մեզ համար ոչ միայն տաղանդի և որակի առկայությունն է, այլև մշակութային ու մտածելակերպային առանձնահատկությունները։ Հայաստանում, անշուշտ, առկա է իրական դպրոց, որը խթանել է տեղի կադրերի աճն ու որակական հմտությունները և մեզ թույլ է տվել գրասենյակ բացել ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որոնք, անկասկած, զարգացնելու ենք։ Դրա համար առկա է բավականին հզոր թիմ, և մենք ձգտելու ենք այն մեծացնել»,-ասաց Ջարայաման։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ նշեց, որ տվյալ էկոհամակարգում բոլոր մասնակիցները շատ կարևոր են։
«Մեզ համար կենսական նշանակություն ունի ոչ միայն սեփական արտադրանք թողարկող կազմակերպությունների աշխատանքը, այլև օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանում գրասենյակներ բացելու հանգամանքը, որոնց միջոցով գիտելիք և նոր չափորոշիչներ են գալիս Հայաստան։ Դրանց հիմքի վրա հետագայում ստեղծվում են նոր ստարտափեր։ Այդպիսով միջազգային կազմակերպություններն էական դեր են խաղում մեր ենթակառուցվածքների զարգացման գործում։ Այսօր հասանք նոր հանգրվանի՝ քննարկելով հանրային և մասնավոր հարթակներում համագործակցության կարևոր դրույթներ։ Microchip-ի դերն իսկապես կարևոր է այս մասնագիտական բնագավառում, որովհետև օգնելու է բացահայտել նոր տաղանդներ։ Այս համագործակցությունը վկայում է այն մասին, որ հայ ճարտարագետներն ու ծրագրավորողները կարող են լուծել համաշխարհային մակարդակի խնդիրներ և արժեքներ մատուցել ոչ միայն մեր ժողովրդին, այլև միջազգային հանրությանը»,- ասաց Կարապետյանը։