Գավառ համայնքում կազմակերպվել է «Ձմեռային մարզական խաղեր-2025» մարզամշակութային փառատոնը
1 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառում անցկացվել է «Ձմեռային մարզական խաղեր-2025» մարզամշակութային փառատոնը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մարզամշակութային փառատոնի ընթացքում համայնքի հանրակրթական դպրոցների և քաղաքի մարզադպրոցի սաներն իրենց ուժերն են չափել պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ձնագնդիով հարված նշանակետին, սպորտլանդիա մարզաձևերում և ազգային խաղաձևերում։
Պարային կատարումներով մասնակիցներին ողջունել են Գանձակի երաժշտական դպրոցի պարարվեստի բաժնի սաները։
Մարզամշակութային փառատոնն անցել է մրցակցային մթնոլորտում։ Հաղթողները պարգևատրվել են Գավառ համայնքի ղեկավարի պատվոգրերով և գավաթներով։
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի անունից շնորհակալագրերի են արժանացել նաև մարզամշակութային փառատոնի կազմակերպչական աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած մրցավարները։