Հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի 2024-ի հաշվետվությունը
4 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, իր խոսքում Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող խորհրդի դերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական մարմինների արդյունավետ երկխոսությունը։ Նախարարի տեղակալը անդրադարձել է իրավահավասարության ապահովման, խտրականությունից պաշտպանության, ատելության խոսքի դեմ պայքարի, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին։
Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարների, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։
Ըստ աղբյուրի՝ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար դատաքննության, առողջության պահպանման, կրթության իրավունքի երաշխավորման և մի շարք այլ ուղղություններով։ Արդարադատության նախարարության կողմից անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում մշակված իրավական ակտերի նախագծերին և դրանց կարգավիճակին, իրականացված իրազեկման և կարողությունների զարգացման աշխատանքներին, մշակված ուղեցուցային փաստաթղթերին։
Կատարողականի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դիտարկումների և առաջարկների ներկայացման փուլը։ Քննարկումների արդյունքներով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։
Նշվում է, որ նիստի ընթացքում յուրաքանչյուր գերատեսչություն անդրադարձել է նաև 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա գործողություններին, դրանց ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերին և իրականացման հնարավոր խոչընդոտներին։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդլայնված ձևաչափով քննարկման կազմակերպման և համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հիմնական հարցերը, որոնք ի թիվս այլնի, առնչվում էին բոլոր գործընթացներում մասնակցայնության ապահովմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը ոլորտային խնդիրների հասցեագրման համատեքստում։
Համակարգող խորհրդի նիստը կայացել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի աջակցությամբ։