Արտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցությունը ՆԳՆ ուշադրության կենտրոնում է․ Փրկարար ծառայության տնօրենը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցառմանը
3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն էր:
«Կամո Ցուցուլյանն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Փրկարար ծառայության երկարամյա փոխգործակցությունը, որը ռազմավարական նշանակություն ունի, մասնավորապես, սոցիալական ոլորտի ծառայությունների ինստիտուցիոնալ համագործակցության ներդրման ուղղությամբ: Նա նաև նշել է, որ հոգեկան առողջության ոլորտում գործուն աջակցությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, նշել է, որ դրանք մարտահրավեր էին արձագանքման հավաքական կարողությանը, միաժամանակ կարևորել է նման իրավիճակներում համագործակցելու անհրաժեշտությունը: Նա նաև հավելել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակը առողջապահության, կրթության, երեխաների պաշտպանության ոլորտներում աշխատողների, փրկարարական ծառայության մասնագետների կարողությունները զարգացնելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերող մասնագետների համար մշակված գործիքակազմին, ճգնաժամային իրավիճակներից քաղած դասերին և ոլորտին վերաբերող այլ հարցերի։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։