Եվրոպա

ԵՄ-ն մտադիր է անհապաղ պատասխանել Թրամփի կողմից խոստացված մաքսատուրքերին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր է անհապաղ պատասխանել Թրամփի կողմից խոստացված մաքսատուրքերին

Եվրամիությունը մոտ ժամանակներս վճռականորեն կպատասխանի եվրոպական ապրանքների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խոստացված 25 տոկոս մաքսատուրքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի (ԵՀ) տարածած հայտարարության մեջ։

«Եվրահանձնաժողովը անմիջապես և վճռականորեն կպատասխանի (ամերիկյան)  մաքսատուրքերին»,- նշված է փաստաթղթում։  

Եվրահանձնաժողովը նաև մեկնաբանել է Թրամփի խոսքերն այն մասին, թե ԵՄ-ն «ստեղծվել է, որպեսզի օգտագործի Միացյալ Նահանգները, և նա հաջողությամբ դրանով զբաղվել է»: 

Բրյուսելը հանդես է եկել պնդմամբ, որ Եվրամիությունն «ամենամեծ շուկան է աշխարհում», որը «մեծ հաջողություն է դարձել ԱՄՆ-ի համար»։

Թրամփը փետրվարի 26-ին ավելի վաղ Վաշինգտոնում իր կաբինետի առաջին նիստում հայտարարել է, որ ԵՄ-ից ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման որոշումն արդեն կայացվել է և շուտով կհրապարակվի։ Մաքսատուրքերը կհասնեն 25%-ի և կվերաբերեն ոչ միայն ավտոմեքենաներին, այլև «մնացած ամեն ինչին»։ Անդրադառնալով ԵՄ-ի հնարավոր արձագանքի մասին լրագրողների հարցերին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ եվրոպացիները «կարող են փորձել պատասխանել, բայց նրանք հաջողության չեն հասնի»։

Իր հերթին, ՏԱՍՍ-ը հաղորդում է Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած դիվանագիտական ​​սկանդալի մասին. Եվրահանձնաժողովը հարկադրված է եղել հայտարարել, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ չեղարկվել է գրաֆիկների անհամապատասխանության պատճառով։ Սակայն Կալասը, ըստ գործակալության, փետրվարի 26-27-ը մեկնել էր Վաշինգտոն և իր այցից առաջ հայտարարել էր Ռուբիոյի հետ բանակցությունների մասին։

Ռուբիոն Թրամփի վարչակազմի մյուս անդամների հետ միասին  փետրվարի 26-ին մասնակցել է ԱՄՆ կաբինետի նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում