Գավառի համայնքապետարանը ֆինանսական միջոցներ է հատկացրել Սարուխանի նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններին
2 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը ֆինանսական միջոցներ է հատկացրել Սարուխան գյուղի նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններին՝ առկա խնդիրները լուծելու և աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն հիմնանորոգված Սարուխանի թիվ 1 մանկապարտեզում կատարվել են վերանորոգման ևս մի քանի աշխատանքներ․ փոխվել է մուտքի դուռը, նորերով են փոխարինվել դռների բռնակները, լուսամուտների վնասված ապակիները, կատարվել են ջեռուցման կաթսայի վերանորոգման, ծխնելույզների տեղադրման աշխատանքներ, փոխվել են ջեռուցման մարտկոցներ, լաքապատվել է դահլիճի և մեկ խմբասենյակի մանրահատակը, վերանորոգվել են դրսից երկրորդ հարկ տանող աստիճանները և ցանկապատի մի հատված։ Կատարված աշխատանքների համար Գավառի համայնքապետարանի բյուջեից ընթացիկ դրամաշնորհով հատկացվել է 880 հազար դրամ։
Սարուխանի թիվ 2 մանկապարտեզին էլ կապիտալ դրամաշնորհով տրամադրվել է 1 միլիոն 400 հազար դրամ, որով ձեռք է բերվել դյուրակիր համակարգիչ, գորգ, փոշեկուլ, արդուկ, երկու զգեստապահարան, սեղան և դաշնամուր՝ իր աթոռով։ Թվարկված ապրանքները անհրաժեշտ էին մանկապարտեզին՝ առօրյա գործունեության համար։
Սարուխանի արվեստի դպրոցն էլ 700 հազար դրամ կապիտալ դրամաշնորհով ձեռք է բերել երկու էլեկտրադինամիկական բարձրախոս-դինամիկ։ Դրանց միջոցով առավել արդյունավետ են իրականացվում դպրոցում կազմակերպված միջոցառումները և պարավեստի բաժնի պարապմունքները։