Ռուսաստանի իշխանությունները շարունակում են շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սիրիական հարցը մեր բոլոր միջազգային շփումների օրակարգում է», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի»-ն։

Նա մատնանշել է  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն Անկարա, որտեղ քննարկվել է Սիրիայի հարցը։

«Այլ շփումների ընթացքում ևս, բնականաբար, Սիրիան շոշափվում է։ Աշխատանքային գործընթացը շարունակվում է», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Փետրվարի 24-ին Սերգեյ Լավրովն Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև հատուկ ուշադրություն են դարձրել Սիրիայում իրադրության կարգավորման խնդիրներին և իրադրությանը պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր կառավարության հետ համաձայնության գալուն, որը թույլ կտա նրան մասամբ պահպանել իր ներկայությունը Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռազմաբազաներում: 

Հունվարի վերջին ռուսական պատվիրակությունը Դամասկոսում առաջին բանակցություններն է անցկացրել Սիրիայի նորանշանակ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Նրա հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

2024 թվականի դեկտեմբերի 8-ին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո տեղեկություններ են տարածվել, որ նա քաղաքական ապաստան է ստացել Մոսկվայում։ 

Հայերեն Русский