Եվրոպա

Հունգարիան եվրոպական երկրներին կոչ է արել չխանգարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Հունգարիան եվրոպական երկրներին կոչ է արել չխանգարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին

Հունգարիան եվրոպացի լիբերալներին առաջարկում է հեռանալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ճանապարհից և չխանգարել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Գերմանիայի իր պաշտոնակից Անալենա Բերբոքի հայտարարություններն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու անհրաժեշտության մասին։

«Մենք չափազանց վնասակար ենք համարում ցանկացած առաջարկ, որը կարող է խանգարել ամերիկա-ռուսական ծրագրվող համաձայնությանը։ Մենք վնասակար և վտանգավոր ենք համարում ցանկացած առաջարկ, որը հակասում է խաղաղության ջանքերին, ուստի ողբացող և աղաղակող եվրոպացի լիբերալներին կոչ ենք անում հեռանալ հաշտության բանակցությունների ճանապարհից», - ասել է Սիյարտոն՝ իր գերմանացի պաշտոնակցին անվանելով «Եվրոպայի ամենաեռանդուն պատերազմատենչ քաղաքական գործիչներից մեկը»։ 

Նախարարը նաև նշել է, որ Հունգարիան «ամենավճռական կերպով մերժում է Բրյուսելի կողմից Եվրոպայի քաղաքացիների փողերի օգտագործումը պատերազմի հետագա ֆինանսավորման համար»։ 

«Եվրոպական տնտեսությունն արդեն առանց այն էլ բավականաչափ արյունաքամ եղած է: Եվրոպան փող չունի, որ Ուկրաինային նոր միլիարդներ ուղարկի», - Սիյարտոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բրյուսելն արդեն քննարկում է Կիևին տրամադրվող օգնության չափը Վաշինգտոնի կողմից աջակցության հնարավոր դադարեցումից հետո։ Եվրահանձնաժողովը ցանկանում է, որ Հունգարիան տարեկան 500 մլն եվրո հատկացնի այդ նպատակների համար, սակայն, ըստ Օրբանի, դա բացարձակապես անընդունելի է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում