Հայաստան

Վարորդների տուգանային միավորները 9-ից կդառնան 13

2 րոպեի ընթերցում

Վարորդների տուգանային միավորները 9-ից կդառնան 13

2025 թվականի մայիսի 1-ից Հայաստանում կփոխվի ճանապարհային երթևեկության խախտումների տուգանային միավորների համակարգը․ ներկայիս 9 բալային համակարգը կփոխարինվի 13 տուգանային միավորի համակարգով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության փետրվարի 20-ի նիստում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությունը։

«Վարորդներից ստացել ենք տարբեր ահազանգեր, որ կարիք կա վերանայելու գործող 9 բալային համակարգը: Այս նոր համակարգը թույլ կտա ավելի մեծ ճկունություն ապահովել։ Այն խախտումների դեպքում, որոնք չեն վտանգում երթևեկության անվտանգությունը, քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել»,-նշեց նախարարը։

Սարգսյանը նաև ընդգծեց, որ որոշ խախտումների համար կկիրառվեն խստացումներ, մասնավորապես՝ չամրակապված վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, հեռախոսից կամ ռադիոկապի այլ միջոցներից օգտվելը վարելու ընթացքում։

«Մայիսի 1-ի դրությամբ այն վարորդները, ովքեր կունենան չսպառված տուգանային միավորներ, ավտոմատ կստանան 13 միավոր։ Եթե վարորդը, օրինակ, 9 միավորից 2-ը սպառել է, մայիսի 1-ից նրա հաշվի վրա կլինի 13 միավոր՝ անկախ նախորդ սպառված բալերից»,-ասաց Արփինե Սարգսյանը։ 

Անդրադառնալով փոփոխություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման առանձնահատկությունն այն է, որ որոշ խախտումների համար տուգանային միավորների նվազեցման չափը կավելանա։

«Օրինակ՝ եթե նախկինում որոշ խախտումների համար 1 միավոր էր հանվում, ապա հիմա այդ թիվը կարող է դառնալ 1.5 և ավելի»,-ընդգծեց վարչապետը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում