Գավառի «Ժանգոյի աղըլներ» կիկլոպյան ամրոցը ուսումնասիրման ու բացահայտման կարիք ունի
7 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի շրջակայքով մեկ սփռված են երկու տասնյակի չափ կիկլոպյան ամրոցներ՝ իրենց հարակից հնավայրերով, որոնք հիմնադրվել ու գործել են մի քանի հազարամյակ։
Այսպես, բացի քաղաքի կենտրոնական հատվածի բլրի վրա հիմնված «Բերդի գլուխ» ամրոցը, հյուսիսում ու արևելքում, Սևանա լճի ափին մոտիկ, կառուցվել են «Բերդկունքի», «Այրիվանի», «Յոթն աղբյուր», «Հերի Բերդ», «Քանագեղ», «Ժամի դար» «Ջաղացի դար», Ղումլախի», հարավում՝ «Մռթբի Ձոր», «Ծաղկավան», «Իլիկավանքի», արևմուտքում՝ «Հացառատի կամ Առնեղի», « Խաչերի», «Չանդոյի Ձորի», «Յոնջալըխի», «Աղի լճի», «Ժանգոյի աղըլների», «Մշկոյի բերդ» ամրոցները։

Դրանք, ըստ հնագիտական ուսումնասիրությունների, հիմնադրվել և գործել են Քրիստոսից առաջ 3-1 կամ 2-1 հազարամյակներից սկսած։
Նրանց շրջակայքերում պահպանվել են դամբարանադաշտեր, հին բնակատեղիներ, խաչքար-տապանաքարեր, եկեղեցիներ ու մատուռներ։ Նկատելի են նաև կառուցված ամբարտակների ու արհեստական ջրամբարների հետքեր, որոնք ժամանակին սնել են բնակատեղիները, պաշտպանական կառույցները։
Հնագույն դարաշրջանների բերդ-ամրոցների նման առատությունը փաստում է մեր հեռավոր նախնիների ստեղծած պաշտպանական կուռ համակարգի գոյության ու շարունակական կատարելագործման, արտաքին ներխուժումների դեպքում թշնամուն դիմակայելու վճռականության մասին։

Ստացվում է, որ Վելիքուխի երկիրը, որը հիշատակված է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի կողմից թողած սեպագիր արձանագրության տեքստում, բոլորեքյան շրջապատված է եղել անառիկ բերդ-ամրոցների խիտ ցանցով։ Սա էլ իր հերթին հուշում է, որ Վելիքուխի երկիրն իր համար սպառնալիք է տեսել թե՛ հարավից ու հյուսիսից, թե՛արևելքից ու արևմուտքից։ Չի բացառվում նաև, որ պաշտպանական այդ համակարգերը ժամանակին գործել են որպես միջցեղային հակամարտությունների ժամանակ թշնամական ներխուժումներին դիմակայելու միջոց։
Վելիքուխի երկրի մարդիկ զբաղվել են անասնապահությամբ, հողագործությամբ, ձկնորսությամբ, որսորդությամբ, մետաղների մշակությամբ, արհեստներով, և նրանց ստեղծած նյութական բարիքները մշտապես գրգռել են ավարառու և հզոր թշնամիների ախորժակը։ Չպետք է մոռանալ նաև, որ Վելիքուխի երկրում էին հատվում արևելքից արևմուտք ու հարավից հյուսիս գնացող միջազգային ճանապարհները։
Ռուսա Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը, որը գտնվել է Գավառի «Բերդի գլուխ» ամրոցի տարածքից, հավաստում է այն, որ մինչ ուրարտական նվաճումները Վելիքուխի երկիրը եղել է կայացած պետական միավորում, որն ունեցել է իր թագավորը, ամրոցներն ու բնակավայրերը, լեզուն, մշակույթը, կրոնական հավատալիքները, տիրապետել քաղաքաշինական արվեստին, ռազմական կարողություններին։

Ուրարտական տիրապետությունից հետո, որը տևել է շուրջ երեք դար, Վելիքուխի երկրում հաստատվել է Երվանդունիների հայկական տիրապետությունը, որտեղ հայկական տարրը եղել է տիրապետող ու արարող հիմնական ուժը՝ նույն ամրոցներում ու բնակատեղիներում զարգացնելով կյանքը, մշակույթը, տնտեսությունն ու առևտուրը։
«Ժանգոյի Աղլներ» կոչվող բերդ-ամրոցը շատ հզոր ու ազդեցիկ է թե՛ իր կիսավեր, բայց պահպանված պարիսպներով, թե՛ զբաղեցրած բարձր դիրքով ու տարածվածությամբ։
Այն գտնվում է Գավառ քաղաքից 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Սուրբ Խաչ լեռ ու եկեղեցի տանող ճանապարհի վրա։ Այս ամրոցը, որքան էլ զարմանալի է, մինչ օրս մնում է շատ քիչ ուսումնասիրված կամ գրեթե չուսումնասիրված հուշարձաններից մեկը, չնայած այն հանգամանքին, որ շրջակայքում պահպանված են հին բնակատեղիի հետքեր, իսկ հյուսիսային ու ու արևմտյան կողմերից բարձրացող պարիսպների բարձրությունը տեղ-տեղ հասնում է մինչև 5, լայնությունը՝ 4 մետրի։ Հսկայական քարերն իրար վրա կիտված են առանց շաղախի, իսկ պատերի արանքում, դարձյալ առանց շաղախի, լցված են ավելի մանր քարեր ու խճեր։ Ամրոցի հյուսիսային կողմում նկատվում է նաև երկրորդ շարքի պարիսպը, որը ծառայել է որպես առաջին կամ հերթական պաշտպանական բնագիծ։ Ամրոցի հյուսիսային, արևելյան ու արևմտյան կողմերում գործել է քարանձավ-գետնուղի։ Այսքանը նկատվում է միայն տեսանելի աչքով, իսկ հնագիտական հետազոտությունների ու պեղումների դեպքում այս ամրոցը կարող է շատ ավելի հարուստ ու կարևոր տեղեկություններ տալ մեր հեռավոր նախնիների ապրած կյանքի ու թողած պատմամշակութային ժառանգության մասին։
Անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանի «Սևանի ավազանի Կիկլոպյան ամրոցները» աշխատության մեջ Գավառի տարածքում ուսումնասիրված ու նկարագրված կիկլոպյան ամրոցների մեջ բացակայում է այս հուշարձանը, որը, սակայն, գրանցված է հուշարձանների պահպանության պետական ցանկում։

«Ժանգոյի աղլներ» ամրոցն ու Գավառի արևմտյան թևում, Գեղամա լեռների լանջերով մեկ սփռված բերդ-ամրոցներն ու բնակատեղիները շատ ավելի պատկերավոր ու ընդգրկուն են երևում Սուրբ Խաչ լեռան կատարից։ Ծովի մակերևույթից 2480 մետր բարձրությունից, ինչպես ափիդ մեջ, ուրվագծվում է մի հսկայական, բայց կործանված քաղաք, որը տարածվում է Սուրբ Խաչ լեռան բոլոր կողմերում։ Հեռավոր, վաղ բրոնզեդարից, կամ գուցե թե քարե դարից մինչ ուշ միջնադար գործող այդ բնակատեղիներում է ծագել, զարգացել ու հասակ առել հայ ժողովուրդը, նրա մշակույթն ու պատմությունը, կերպն ու խառնվածքը, քաղաքակրթությունը, որի վիթխարի մասը թաղված է հողի շերտի տակ, անցած դարերի ու հազարամյակների մշուշներում։
Այնպես որ, մեր հնագիտական միտքը Գեղամա լեռնաշթայի արևելյան փեշերով մեկ փռված այս հուշարձանախմբերում դեռ պեղելու, բազմաթիվ ու բազմաշերտ շատ գաղտնիքներ ունի բացահայտելու։
Ու հայ ժողովրդի հնագույն, սրբազան այս բնօրրանը դեռ անհամբեր սպասում է իրեն բացահայտող հնագետներին, իր պատմության վերծանմանը։