Լճաշենի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Անմահ լոռեցին» խորագրով ցերեկույթ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղի Ա․ Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում, «Գիրք նվիրելու օրվա» շրջանակներում, անցկացվել է «Անմահ լոռեցին» խորագրով ցերեկույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի Ա․ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ սովորողները տնօրինությանը և ուսուցիչներին գրքեր են նվիրել։
Թումանյանական մթնոլորտ է տիրել դպրոցում, հնչել են երգեր Հովհ․ Թումանյանի խոսքերով, հատվածներ են ներկայացվել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից։
Օրն ավարտվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով։
2-րդ դասարանցիները բեմականացրել են Հովհ․ Թումանյանի «Չարի վերջը» և «Տերն ու ծառան» հեքիաթները, իսկ 4-րդ դասարանում անցկացվել են Թումանյանին նվիրված գողտրիկ միջոցառումներ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և «Գիրք նվիրելու օրվա» շրջանակներում միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում, գրադարաններում, նախակրթական հաստատություններում։