Գեղարքունիքում 2024-ին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում սուբսիդիա է տրամադրվել 592 գյուղացիական տնտեսության
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 592 գյուղացիական տնտեսության 2024 թվականին սուբսիդիա է տրամադրվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզում հավաստագրված սերմերով 2619 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերով ցանք կատարած 592 շահառուի, որպես սուբսիդիա, պետության կողմից հատկացվել է շուրջ 205 միլիոն 700 հազար դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 6 միլիոն 177 հազար դրամ: Մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ՝ 1287 հեկտարի վրա՝ 146 շահառուի ներգրավմամբ:
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 9 ապահովագրական պայմանագիր՝ շուրջ 231 հեկտար տարածք ապահովագրելու նպատակով: