Գեղարքունիքում 2024 թվականին գյուղատնտեսական նշանակության հողերից վարձակալության են տրամադրվել 76.7 հազար հեկտար
3 րոպեի ընթերցում

2024 թվականին Գեղարքունիքի մարզի համայնքներում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող 280 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից վարձակալության են տրամադրվել 76.7 հազար հեկտար՝ 2023 թվականին արձանագրված 73.6 հազարի դիմաց, որից 47.5 հազար հեկտարը համայնքային, 29.2 հազար հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասեր են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հաշվարկված 270.7 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել է 266.2 միլիոն դրամ վարձավճար։ Գանձումը կազմել է 98.3 տոկոս՝ 2023 թվականին գանձված 97.1 տոկոսի դիմաց։
Վարձակալության տրամադրված հողամասերն, ըստ հողատեսքերի, հետևյալն են՝ 21651 հեկտար վարելահող, 36 հեկտար պտղատու այգի, 9729 հեկտար խոտհարք, 45063 հեկտար արոտավայր և 221 հեկտար այլ հողատեսք:
Համայնքային սեփականության հողերի համար հաշվարկված 203.3 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել է 199.7 միլիոն դրամ, իսկ պետական սեփականության հողերի համար հաշվարկված 67.4 միլիոն դրամ վարձավճարի դիմաց՝ 66.5 միլիոն դրամ:
2024 թվականի ընթացքում մարզի 5 համայնքում աճուրդով օտարվել է 114.04 հեկտարի չափով 370 միավոր հողակտոր՝ 2023 թվականին օտարված 78.9 հեկտարի դիմաց: Հողի օտարումների արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել 315 միլիոն դրամ՝ 2023 թվականին մուտքագրված 309.2 միլիոն դրամի դիմաց։ Հողամասերն օտարվել են սահմանված կադաստրային արժեքների շուրջ 110 տոկոսի չափով՝ 2023 թվականին արձանագրված 108 տոկոսի դիմաց: 2024 թվականի ընթացքում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով մարզպետի կողմից տրվել են դրական եզրակացություններ մարզի համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2013.87 հեկտար արոտավայրերի, 22 հեկտար խոտհարքների և 40.1 հեկտար վարելահողերի ու 42 հեկտար այլ հողատեսքերի վարձակալության տրամադրելու վերաբերյալ: Նշված հողամասերը սահմանված կարգով տրվել են վարձակալության: