Մարզեր

Սևան համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2025» մարզական-մշակութային միջոցառում

5 րոպեի ընթերցում

Սևան համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2025» մարզական-մշակութային միջոցառում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ-2025» մարզական-մշակութային միջոցառում-տոնակատարությանը`«Լինենք առողջ» խորագրով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Սևան համայնքի հանրակրթական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշակերտներն ու սաները, մարզասերներ, բնակիչներ: 

Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում տոնակատարությունը մեկնարկել է ցուցադրական ելույթներով. հանդես են եկել «Նվիրյալներ ռազմամարզական» ՀԿ-ի թաեքվոնդոյի խմբի սաները:

Իրենց մարզական կարողությունները ցուցադրել են Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտիկները:

Ցուցադրական ելույթներին հաջորդել են  նախապես հայտարարված մարզաձևերից ու խաղաձևերից անցկացվող մրցումները՝ անհատական և թիմային ձևաչափերով: 

Հետաքրքիր և լարված մրցումները գնահատվել են մրցավարների կողմից, ամփոփվել արդյունքները:

Կշռաքարի բարձրացում մարզաձևում 1-ին մրցանակային տեղը գրավել է Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Արման Ղազարյանը, 2-րդ մրցանակակիր է դարձել Սևանի համայնքի Չկալովկա բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտ Արմեն Մալխասյանը, 3-րդ տեղը զբաղեցրել է  Լճաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտ Նվեր Սանամյանը:

Պարանի ձգում  մարզաձևում  1-ին տեղ է գրավել Չկալովկա բնակավայրի միջնակարգ դպրոցի, 2-րդ տեղը` Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի, 3-րդ տեղը` Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի թիմերը:

Ազգային կոխ մարզաձևում 1-ին տեղ է զբաղեցրել Կարեն Գալստյանը՝ Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, 2-րդ տեղ` Արծրուն Հայրապետյանը՝ Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,  3-րդ տեղ`Գոռ Մարգարյանը՝ Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց։ 

Նետում նշանակետին մրցաձևի 1-ին մրցանակակիրը Լևոն Վարդանյանն էր՝ թիվ 4 հիմնական դպրոց, 2-րդը՝ Ռոզա Կատվալյանը՝ Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, 3-րդ տեղը զբաղեցրել է Սիլվի Մարտիրոսյանը՝ Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց։

Մինի ֆուտբոլ մարզաձևում լավագույն եռյակն այսպիսին էր՝1-ին մրցանակային տեղ` Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմ, 2-րդ տեղ` Լճաշենի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ` Սևանի թիվ 4 հիմնական դպրոց:

Վոլեյբոլ մարզաձևի և նարդի խաղի մրցումներն անցկացվել են Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

Վոլեյբոլ մարզաձևում աղջիկների լավագույն թիմը մարզադպրոցի թիմն էր, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է  Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը: 

Վոլեյբոլի՝ տղաների մրցապայքարում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ մրցանակակիր է դարձել  Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Չկալովկա բնակավայրի միջնակարգ դպրոցի թիմը:

Նարդի խաղաձևում մրցանակակիր է դարձել  Սևան համայնքի բնակիչ Արամ Բարսեղյանը, երկրորդը Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակից Էդուարդ Սիմոնյանն էր, երրորդ մրցանակային տեղը գրավել է Սևան համայնքի բնակիչ Գերասիմ Կիրակոսյանը:

Հրաձգության մրցումներն անցկացվել են  ՈՄԱ մարզասրահում: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Սևանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Նարեկ Քառյանը, 2-րդ մրցանակակիր է դարձել Լճաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտ Արսեն Պողոսյանը, լավագույն եռյակը եզրափակել է Սևանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Դավիթ Ստեփանյանը:

Յուրաքանչյուր մարզաձևից և խաղաձևից մրցանակային տեղեր զբաղեցրածները և լավագույն մասնակցություն դրսևորած հաստատությունները խրախուսվել են համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատրաստված հավաստագրերով, շնորհակալագրերով: 

«Գեղարքունյաց Ձմեռ-2025» մարզամշակութային տոնակատարության մասնակից լավագույն ուսումնական հաստատություն է  ճանաչվել  Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում