Հայաստան

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ  Արմեն Սիմոնյանը, որպես բանախոս, ելույթով հանդես է եկել նստաշրջանի բարձրաստիճան հատվածի «Միջտարածաշրջանային տրանպորտային կապակցվածություն» խորագրով պանելային քննարկմանը և ներկայացրել է ՀՀ մոտեցումները տրանսպորտային կապուղիների ընդլայնման, կանաչ տրանսպորտի զարգացման և թվայնացման հարցերում։ Ներկայացվել է նաև Հայաստանի կառավարության՝ սահմանային և մաքսային անցակետերում մարդկանց և ապրանքների տեղաշարժը դյուրացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի համատեքստում, արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Սիմոնյանն ընդգծել է, որ արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ։ 

Արմեն Սիմոնյանը կոմիտեի անդամներին ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ խոսելով այդ ծրագրի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների մասին։ 

Փոխնախարար Սիմոնյանն այլ հարցերի շարքում նշել է, որ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, առաջնային է համարում տարածաշրջանում ներառական կապակցվածության, բաց սահմանների, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ապահովումը։ 

Նշվել է նաև, որ այս ծրագրի իրականացումը կարող է ամբողջությամբ փոխել Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում փոխգործակցության տրամաբանությունը՝ վերափոխելով երկրների տնտեսությունները և դրանք դարձնելով առավել դիմակայուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում