Գրիգորի Բալասանյան. հայ դասական երաժշտության ապագան կերտող երիտասարդ վիրտուոզ
4 րոպեի ընթերցում

Հայ կոմպոզիտոր և դաշնակահար Գրիգորի Բալասանյանն ընդամենը 20 տարեկանում արդեն նշանակալի ավանդ ունի դասական և ժամանակակից երաժշտության աշխարհում։
Նախորդ տարվա նոյեմբերի 16-ին երիտասարդ կոմպոզիտորի «Լուռ արցունքները» առաջին օպերայի պրեմիերան տեղի ունեցավ Բոստոնում՝ Fenway Opera Club-ի հետ գործակցությամբ: Օպերան հիմնված է իրական պատմության վրա: Այն նկարագրում է 44-օրյա պատերազմն ու մի ընտանիքի ճակատագիր: Օպերայի ստեղծման և օպերայի հիմքում ընկած պատմության մասին շուտով վավերագրական ֆիլմ է ցուցադրվելու: Աշխատանքներն արդեն սկսվել են Բոստոնում։ Ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2025-ի գարնան վերջին:
Բալասանյանն իր երաժշտության մեջ ներառում է քաղաքական և սոցիալական թեմաներ, մասնավորապես` պատմության նշանակալի իրադարձություննեը: Նրա «Լուռ արցունքներ» օպերան դրա վառ օրինակն է:
Գրիգորի Բալասանյանը սկսել է ստեղծագործել 8 տարեկանից, արդեն 10 տարեկանում երիտասարդ կոմպոզիտորը թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը: Իր ստեղծագործություններում Բալասանյանը միախառնում է հայկական ժառանգությունը ժամանակակից երաժշտական տարրերի հետ: Նրա աշխատանքները ներառում են գործիքայի ներաժշտության երկու ալբոմ, երկու բալետ, օպերա, դաշնամուրի կոնցերտ և բազմաթիվ ստեղծագործություններ՝ կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի համար։
«Ալիսը հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը կարդալուց հետո 12-ամյա կոմպոզիտորը ստեղծեց մի երաժշտություն, որը պատմում է Ալիսի և բոլոր հերոսների մասին. Էլեն Գրիգորյանն ու Գառնիկ Մակարյանը այս երաժշտության հիման վրա ստեղծեցին թատերական պարային շոու, որը բեմադրվեց Հայաստանում։ Դրանից հետո այդ ժամանակվա Հայաստանի առաջին տիկին Նունե Սարգսյանը Բալասանյանին առաջարկեց բալետ գրել իր մանկական գրքի հիման վրա, մի խնդիր, որը պետք է չափազանց բարդ լիներ դպրոցահասակ տղայիհամար, սակայն Բալասանյանը բալետի երաժշտությունը ստեղծեց 1 տարվա ընթացքում, և 2019թ. այն ձայնագրվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Գրիգորի Բալասանյանը դեռ փոքրուց երազում էր ընդունվել Բերքլիի Բոստոն կոնսերվատորիա։ Երազանքն իրականացնելու համար պատանին տքնաջան աշխատում էր՝ ստեղծելու տպավորիչ պորտֆոլիո, որպեսզի ընդունվի նման հեղինակավոր համալսարան: Ներկայումս Բալասանյանը կոմպոզիցիայի ուսանող է Բերքլիի Բոստոնի կոնսերվատորիայում: Ուսանելու ընթացքում էլ երիտասարդ կոմպոզիտորը ստեղծում է բազմաթիվ նոր աշխատանքներ, որոնք ցուցադրվում են ԱՄՆ-ում։ Երբ դեռ աշակերտ էր Բըրբենքի միջնակարգ դպրոցում, Nickelodeon Studios-ում ցուցադրվեց իր բնօրինակ երաժշտական ստեղծագործության հիման վրա ստեղծված անիմացիան, որը կոչվում էր «Mayas»: Նա մի քանի սաունդթրեք է ստեղծել նաև կարճամետրաժ ֆիլմերի համար։
2024թ. մարտին Գրիգորին ելույթ ունեցավ Կարնեգի Հոլում՝ Musical Armenia 39-րդ համերգաշարի շրջանակում։ Ծրագրում տեղի ունեցավ նրա «Transcendence in Turmoil» թիվ 2 լարային քառյակի համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև «Հրաժեշտ Երևան» և «Հայկական ռապսոդիա» մենակատար դաշնամուրային ստեղծագործությունները: Նա դարձավ ամենաերիտասարդ հայ կոմպոզիտորը, ով իր ստեղծագործությունները կատարում է նմանպատվավոր բեմում։
Բալասանյանը ներկայացնում է երաժիշտների նորսերունդ, որը ոչ միայն պահպանում է Հայաստանի երաժշտական ժառանգությունը, այլև ընդլայնում է նրա համաշխարհային հասանելիությունը։
Աննա Վարդանյան