Մարտունի համայնքում «Տնտեսական ակտիվացման ծրագրով» մասնագիտական կրթություն է ստացել ևս 14 շահառու
1 րոպեի ընթերցում

ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանի և Art House ուսումնական կենտրոնի հետ համատեղ շարունակում է իրականացնել «Տնտեսական ակտիվացման ծրագիրը», որի շրջանակում Մարտունի համայնքում բնակվող կանայք ստանում են մասնագիտական կրթություն։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, հերթական փուլում կազմակերպված կարուձևի մասնագիտական դասընթացներին ընդգրկված է 14 շահառու՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ինը և տեղացի հինգ կին։
Օրերս Մարտունիի համայնքապետարանում տեղի է ունեցել տեսական և գործնական եռամսյա դասընթացներն ավարտած մասնակիցներին վկայագրերի հանձնման արարողությունը, և, որպես աջակցություն նրանց տրամադրվել են նաև աշխատանքային գործիքներ։
«Ծրագիրը շարունակվում է, մեկ այլ խմբում մասնակիցներն ուսանում են հրուշակագործություն»,-ներկայացրեց Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը։