Մարզեր

Կայացել է Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը

4 րոպեի ընթերցում

Կայացել է Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը

Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից առաջ համայնքի ղեկավարն անդրադարձել է 2024 թվականին համայնքում իրականացված աշխատանքներին։
«Իրականացված աշխատանքների շնորհիվ ակնառու են գրանցված ցուցանիշները, որի համար շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին, համայնքի բնակիչներին, այն կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են համայնքապահպան ծրագրերի կյանքի կոչմանը, համայնքի բնականոն կյանքի ապահովմանը»,-նշել է համայնքի ղեկավարը:
Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և  2024 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը համայնքի ավագանին ընդունել է  ի գիտություն:
Ավագանու մեկ այլ որոշմամբ համայնքի ավագանին հաստատել է Սևան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը:
Համապատասխան որոշումներով հաստատվել են համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու», «Սևան համայնքի ավագանու կանոնակարգը նոր խմբագրությամբ հաստատելու», «Սևան համայնքի բնակավայրերի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ 2025 թվականին օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գին սահմանելու», «Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2025 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու», «Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրում գտնվող ՕԿՋ-ի և կապտաժի կառուցման համար նախատեսված հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնելու», «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունը հաստատելու», «Սևանի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Սևանի բիզնես կենտրոնի 2024 թվականի գույքագրման արդյունքները հաստատելու», «Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը հաստատելու», Սևան համայնքում սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունների տրամադրման տեսակները, սոցիալական աջակցություն ստացող խմբերի ցանկը և չափորոշիչները սահմանելու, Սևան համայնքի կողմից «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման կենտրոնում» լիազորված ներկայացուցիչ նշանակելու մասին հարցերը:
Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ է կատարել  համայնքում աղբահանության դիմաց գանձվող վարձավճարներին՝ նշելով, որ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, չնայած առկա խնդիրներին և հնարավորություններին, անում է հնարավորը, որպեսզի աղբահանությունը կատարվի ժամանակին, համայնքն ունենա ներկայանալի տեսք:
Ավագանու նիստի ընթացքում քննարկվել են նաև  համայնքի ավագանուն հասցեագրված դիմումները, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ:
Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստը տեղի կունենա 2025 թվականի մարտի 12-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում