Քաղաքականություն

Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների իրականացման գործընթացում հիմնական խնդիր է համարում դրանք մշտապես հետաձգելը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը բազմիցս հետաձգել է կարևոր բարեփոխումների կիրառումը տարբեր պատճառներով։

«Վերջերս մի խումբ գործընկերներից մեկին վրդովված էլեկտրոնային նամակ եմ գրել հետևյալ բովանդակությամբ․ եթե լիներ հետաձգման ռեյտինգ միջազգային կազմակերպությունների աղյուսակում, մեր կառավարությունը կլիներ առաջինը։ Ինչն ենք մենք լավ անում՝ հետաձգելը։ Բոլոր հնարավոր բարեփոխումները ընդունել ենք, այս ենք անում, այն ենք անում, բայց հենց գալիս է ժամկետը, որ պետք է իրականացնենք, ասում ենք՝ եկեք հետաձգենք»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մեծ մասը վաղուց պետք է կատարված լինեին, սակայն դրանք պարբերաբար հետաձգվել են՝ կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազմական իրավիճակի և ընտրությունների պատճառով։

«Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է։ Ես խորապես համոզված եմ, որ ինչ արվում է, դա պետության ինստիտուցիոնալ կայացման համար է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ կառավարությունը նպատակ ունի քաղաքացիներին ներգրավել բարեփոխումների գործընթացում և նրանց դարձնել համընդհանուր հայտարարագրման, տրանսպորտային և հարկային բարեփոխումների համախոհը։

«Մենք բարիկադ պետք է չունենանք, որովհետև պետք է կարողանանք հանրությանը ապացուցել, որ այս ամենն իր բարօրության համար է արվում»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում