ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումներ եղել են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ բազմաթիվ փոխադարձ կապեր են եղել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, որոնցից մի քանիսից ինքը, գուցե, տեղյակ չէ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողներին հայտնել է, որ հարմար պահի հանդիպում կունենա իր ռուս գործընկերոջ հետ։
«Կարծում եմ՝ Պուտինի հետ կհանդիպեմ դրա համար հարմար պահի», - ասել է նա։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ պատասխանելով հարցերին՝ Թրամփը հայտնել է, որ շփումներ է ունեցել Պուտինի հետ:
«Դրանք եղել են», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ նախագահը կրկին չի մեկնաբանել այդ շփումների բովանդակությունը։ Նա նաև չի հստակեցրել, թե որքան հաճախ և երբ են եղել այդ շփումները։
«Մենք առաջընթաց ենք տեսնում», - հավելել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման փորձերի մասին։
Ուշագրավ է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։
«Քանի որ Վաշինգտոնի վարչակազմն իր աշխատանքն է ծավալում, բազմաթիվ տարբեր փոխադարձ կապեր են երևան գալիս, և այդ կապերն իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ կապերի մեծ քանակության ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել: Ուստի այս դեպքում չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել դա», - ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը:
Այն, որ Թրամփը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերի շուրջ, ավելի վաղ հաղորդել էր The New York Post թերթը։