Համացանցային առևտրի աշխուժացումն ակտիվ գործողությունների է մղել խարդախներին, որոնք մեսենջերներով ֆիշինգային նամակներ և հաղորդագրություններ են ուղարկում՝ ի թիվս այլ առաջարկների հայտնելով գոյություն չունեցող մրցույթներում և խաղարկություններում կեղծ շահումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հատուկ հաղորդագրություն է տարածել Wildberries-ի տեղեկատվական անվտանգության ծառայությունը։
Ընկերությունը ներկայացրել է ֆիշինգի հիմնական նշանները, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ խարդախություններից խուսափելու համար: Հաշվի առնելով Հայաստանում համացանցային առևտրի շարունակական ընդլայնումը՝ հորդորում ենք դրսևորել կատարյալ աչալրջություն և ծանոթանալ ներկայացվող զգուշացմանը:
Խարդախության հավանական դրսևորման հիմնական նշաններից է անսպասելի հաղորդագրությունը: Մեսենջերով իբր Wildberries-ի անունից տեղեկացնում են անսպասելի մրցանակներ շահելու մասին՝ հորդորելով անհապաղ հետևել հղմանը և տրամադրել անձնական տվյալներ: Wildberries-ը հայտարարում է, որ իր բոլոր ակցիաների և դրանց պայմանների մասին ամբողջական տեղեկությունը միշտ հասանելի է ընկերության պաշտոնական հարթակներում:
Երկրորդը, ինչին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, հաղորդագրության ոչ անձնական բնույթն է: Ֆիշինգային հաղորդագրություններն ուղարկվում են համատարած և ուղեկցվում են «Թանկագին օգտատեր», «Հարգելի հաճախորդ» արտահայտություններով կամ դրանց իսպառ բացակայությամբ:
«Հիշեք՝ Wildberries-ի աշխատակիցները երբեք չեն խնդրում անձնական տվյալներ և չեն ուղարկում ակցիային մասնակցելու կամ դրանում հաղթելու մասին հաղորդագրություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երրորդ նշանը կեղծ հղումներն են: Ֆիշինգային հղումները հաճախ նման են իրականներին, բայց պարունակում են սխալներ կամ լրացուցիչ նիշեր հայտնի բառերում (օրինակ՝ wildberries.ru-ի փոխարեն նշվում է wilbberries.ru): Կարևոր է՝ նախքան հղման վրա սեղմելը ստուգել դրա (URL) ճիշտ ուղղագրությունը:
Չորրորդը վնասակար հավելվածներն են: Հիշեք, որ տվյալների գողության համար խարդախները կարող են օգտագործել հավելվածներում ներառված վիրուսներ: Երբեք մի բացեք անհայտ օգտատերից ստացած ֆայլերը:
Խարդախության հինգերորդ նշանը սխալ լոգոներն են, տեքստում և դիզայնում թույլ տրված անփութությունը: Ֆիշինգային կայքերը հաճախ կրկնօրինակում են հայտնի ընկերությունների դիզայնը, սակայն փոքր մանրուքներ կարող են տարբերվել: Օրինակ, հաղորդագրությունում կարող է միասին գրված լինել «մուտքագրեք գաղտնաբառը» արտահայտությունը: Սա անվտանգության ֆիլտրերը շրջանցելու հնարք է: Ուշադրություն դարձրեք լոգոների որակին, դրանցում ձևավորման և քերականական սխալների առկայությանը, ինչը խաբեության իրական նշան է:
«Իսկ ինչո՞ւմն է խաբեությունը: Եթե հետևեք հղմանը՝ ձեզ կխնդրեն մուտքագրել բանկային քարտի տվյալները՝ իբր շահումը փոխանցելու համար: Դրան կհետևի «միջնորդավճար» կատարելու պահանջը, որն իբր անհրաժեշտ է ձեր շահումը համապատասխան տարադրամի վերածելու համար: Արդյունքում՝ կկորցնեք ձեր տվյալները և գումարը:
Կասկածներ ունենալու դեպքում Wildberries-ի պաշտոնական կայքում կամ հավելվածում առկա գործիքի միջոցով անհապաղ կապվեք աջակցության ծառայության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: