ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և խմբի անդամները Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմին ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում իրենց մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրները և առանձին դժգոհությունները, մասնավորապես, անդրադարձել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, դիետիկ սննդի, հանդերձանքի և հիգիենայի ապահովման հետ կապված հարցերին։
Անդրադառնալով ազատազրկված անձանց պահման պայմաններին և հիգիենայի ապահովմանը՝ դիտորդների խմբի անդամներին ներկայացվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման նպատակով իրականացված աշխատանքները, հիգիենիկ պարագաների, ինչպես նաև դատապարտյալների հանդերձանքի լավարկման գործընթացները։ Դրանք առաջիկայում կտրամադրվեն ազատազրկված անձանց։
Ըստ աղբյուրի՝ նշյալ հարցերի վերաբերյալ խմբի անդամներին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, իսկ բարձրաձայնված որոշ խնդիրներ կուսումնասիրվեն Ծառայության կողմից։ Ծովինար Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ սերտ համագործակցությունը և անմիջական շփումը Քրեակատարողական ծառայության և դիտորդների խմբի միջև կնպաստի արձանագրված խնդիրների առավել արագ և արդյունավետ լուծմանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև թեմային վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։