Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

5 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։

2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաև վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։

Եվրոպայի 14 վտանգված վայրերը ընտրվել են միջազգային Խորհրդակցական խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են հնագիտության, ճարտարապետության, ժառանգության պահպանման, նախագծային վերլուծության և ֆինանսավորման ոլորտի մասնագետներ։ Ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշներով․վայրի մշակութային և պատմական արժեքի կարևորությունը, վտանգի իրական և հրատապ լինելը, տեղական համայնքների ներգրավվածության մակարդակը, պետական և մասնավոր հատվածի աջակցությունը, տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման ներուժը։

Թաքնված Տավուշի անտառներում՝ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով, Առաքելոց վանական համալիրը միջնադարյան կրոնական և աշխարհիկ ժառանգության բացառիկ գոհարներից է։ 13-րդ դարում այն եղել է մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոն՝ Հայկական մետաքսի ճանապարհի առևտրային աշխուժության վկայությամբ։ Մեկուսի դիրքը և հայ-ադրբեջանական սահմանին հարևանությունը ընդգծում են համալիրի ոչ միայն պատմական, այլև աշխարհաքաղաքական նշանակությունը։

Համալիրը շրջապատված է տպավորիչ պարսպով ու աշտարակներով, իսկ նրա ճարտարապետական կենտրոնը գլխավոր եկեղեցին է՝ գմբեթավոր դահլիճով ու կից գավթով, որը զարդարված է հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով։ Այսօր այստեղ պահպանվել են Սուրբ Սարգսի եզակի որմնանկարը, քարավանատունը, ձիթհանքը և Սրանոց կամուրջը, որոնք վկայում են երբեմնի աշխույժ առևտրային կյանքի մասին։ Զաքարյանների ու մոնղոլական տիրապետության տարիներին վանական համալիրը վայելել է հարկային արտոնություններ, դառնալով կրոնական ու աշխարհիկ կյանքի համակեցության վառ օրինակ և հայ-վրացական մշակութային փոխազդեցության կարևոր օղակ։ Սակայն 17-րդ դարից բնակատեղին լքվել է և մինչ օրս պատշաճ ուսումնասիրված չէ։

Այսօր Առաքելոցը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Քայքայվող պատերը, վայրի բուսականության ներխուժումը, կլիմայական փոփոխությունները, առատ տեղումները և սելավները սպառնալիք են համալիրի պահպանության համար։ Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելն ու երկրաշարժերից վնասված կառույցները լրացուցիչ վտանգներ են ստեղծում։ Մարդկային գործոնն էլ ակնհայտ է՝ գրաֆիտիով պատված պատեր, չպահպանվող տարածքներ ու ոչ կանոնակարգված հանգստի գոտիներ։ Բացի այդ, համալիրում առկա չղջիկների գաղութը պահանջում է մշակութային ժառանգության և վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված մոտեցում։

Այս հանգամանքներում Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում։ Դրա առաջադրումը նախաձեռնել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Աճարկուտի համայնքապետարանի, «Կապույտ վահան Հայաստանը» կազմակերպության և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ։ Տարածքի հետազոտության, պահպանության և կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն կտրամադրի Ավստրիայի Կրեմսի շարունակական կրթության համալսարանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վանական համալիրի և բնակատեղիի մանրակրկիտ ուսումնասիրություն, տարածքի բարեկարգում, պահպանություն և կայուն էկոտուրիզմի խթանում՝ տեղական շահառուների, ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ Կրթական ծրագրերն ու զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն խթանելու տեղի բնակչության կապը այս միջնադարյան ժառանգության հետ՝ ձևավորելով հպարտության ու գնահատանքի զգացում տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։

«Յոթ ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը շեշտում է, որ Առաքելոցը միջնադարյան նշանակալի ժառանգություն է, որը մարմնավորում է մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը։ Սակայն տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լարվածությունը և բնապահպանական խնդիրները պահանջում են անհապաղ միջամտություն։ Վանական համալիրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանն ու հաշտեցմանը՝ ժառանգությունը վերածելով խաղաղության և առաջընթացի ռեսուրսի։

Հայերեն English Русский

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին