ԲՐԻԿՍ-ը քննարկումներ չի անցկացնում միասնական արժույթի ստեղծման հարցի շուրջ, խոսքը նոր ներդրումային հարթակներ ստեղծելու մասին է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը ԲՐԻԿՍ-ի կողմից սեփական արժույթ ստեղծելու հետևանքների մասին։
«Այստեղ պետք է հիշել մեր նախագահի խոսքերը, որոնք մեզ համար, այնուամենայնիվ, շատ ավելի կարևոր և նշանակալից են: Բանն այն է, որ ԲՐԻԿՍ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք չկա և չի եղել: ԲՐԻԿՍ-ում խոսում են նոր համատեղ ներդրումային հարթակներ ստեղծելու մասին, որոնք թույլ կտան համատեղ ներդրումներ կատարել երրորդ երկրներում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք նման սպառնալիքները կարող են ազդել ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնման նկատմամբ ԲՐԻԿՍ-ի վերաբերմունքի վրա, և կարող է արդյոք ԱՄՆ-ն ԲՐԻԿՍ-ից պահանջել նոր արժույթ չստեղծելու պարտավորություն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե ԲՐԻԿՍ-ի երկրները ստեղծեն իրենց արժույթը և հրաժարվեն փոխադարձ հաշվարկներում օգտագործել ամերիկյան դոլարը, ապա նրանց 100% մաքսատուրքեր են սպասվում ԱՄՆ ներկրվող ապրանքների համար: