Քաղաքականություն

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում Հայաստանը հնարավոր է համարում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության  ընթացակարգերի պարզեցումը։ 

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հունվարի 30-ին Երևանում կայացած համատեղ ասուլիսում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմայի շուրջ Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։ 

Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ այդ հարցի շուրջ Հայաստանը ոչ մի նոր բան չի կարող նշել, քանի որ Երևանի դիրքորոշումն արդեն վաղուց բոլորին հայտնի է։ 

«Մենք աջակցում ենք տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարին»,- նշեց արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ Հայաստանը կառուցողական առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին և սպասում է պատասխանի։  

Միրզոյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ այն պայմանները, որոնցով Հայաստանը տեսնում է ապաշրջափակումը, մեծ տնտեսական օգուտներ կբերեն ողջ տարածաշրջանին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին։ 

«Մեր մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը հիմնված է տարածքային ամբողջականության, հաղորդակցությունների և ենթակառուցվածքների նկատմամբ երկրների ինքնիշխանության սկզբունքների վրա»,-ասաց ԱԳ նախարարը։ 

Նա նաև նկատեց, որ 21-րդ դարում բոլոր երկրները ձգտում են պարզեցնել լոգիստիկան։  

«Եթե ուղիներն ապաշրջափակվեն Ադրբեջանի հետ, մենք ևս տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող ենք կիրառվել, ինչից Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շահել»,-նշեց Միրզոյանը՝ վերահաստատելով, որ ապաշրջափակման հարցում Երևանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 28-ին հայտարարել էր, որ Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առանց Ադրբեջանի անիմաստ է և ոչ մի արժեք չունի։  

Նա նաև հայտարարել էր, թե Հայաստանն, իբր, պարտավոր է Ադրբեջանին անխոչընդոտ երթուղի տրամադրել Նախիջևան հասնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում