Իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը, որը գնել են Լեհաստանի հետախուզական ծառայությունները, օգտագործվել է երկրի 578 քաղաքական գործչի հեռախոս գաղտնալսելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լեհական Rzeczpospolita պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Pegasus-ը սկզբում ձեռք է բերվել Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի նախաձեռնությամբ, սակայն այնուհետև ստացված տվյալներից սկսել են օգտվել նաև Ներքին անվտանգության գործակալությունը, Ռազմական հակահետախուզության ծառայությունը և ոստիկանությունը։
Ընդ որում, գրում է թերթը, Ներքին անվտանգության գործակալությունը և Ռազմական հակահետախուզության ծառայությունը վճարել են Հակակոռուպցիոն բյուրոյին՝ Pegasus ծրագրային ապահովման միջոցով ստացված տվյալների օգտագործման համար։ Դրա համար ռազմական հակահետախուզությունը Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հաշվին է փոխանցել տարեկան 4 մլն զլոտի (մոտ 1 մլն դոլար):
Rzeczpospolita-ն նաև կարծում է, որ լեհ քաղաքական գործիչների մասին ստացված տեղեկատվության մի մասը, հնարավոր է, հաղորդվել է Իսրայելին։
Ավելի վաղ թերթը հաղորդել էր, որ 2025 թվականի կեսերին կարող է դադարեցվել Pegasus-ի օգտագործումը հետաքննող պետական հանձնաժողովի գործունեությունը, քանի որ մեկ տարվա ընթացքում որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել: