Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և նրա հունգարացի գործընկեր Լասլո Կյովերը Բուդապեշտում ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև գործընկերության ամրապնդմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Համաձայնագիրն ընդգծում է Վրաստանի և Հունգարիայի պատմական բարեկամությունը՝ հիմնված ընդհանուր եվրոպական արժեքների վրա: Դրա նպատակը երկկողմանի փորձի փոխշահավետ փոխանակումն է: Ըստ համաձայնագրի՝ Հունգարիայի ազգային ժողովը Վրաստանի խորհրդարանի հետ կկիսվի եվրոպական ինտեգրման հետ կապված սեփական փորձով և ամեն կերպ կօգնի առաջընթացի հասնել ԵՄ անդամակցության ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ։
Պապուաշվիլին հունվարի 26-ին առաջին պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա։ Այցի ընթացքում նա նախատեսում է նաև բանակցություններ վարել Հունգարիայի նախագահ Թամաշ Սյույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։