ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է հանել նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից Իսրայելին 2000 ֆունտանոց ռումբերի մատակարարման վրա դրված կալանքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
«Շատ բաներ, որոնք պատվիրվել և վճարվել են Իսրայելի կողմից, բայց չեն ուղարկվել Բայդենի կողմից, այժմ ճանապարհին են»,- ավելի վաղ գրել է Թրամփը «Truth Social» ցանցի իր էջում:
Լրատվամիջոցը նշում է, որ Բայդենը դադարեցրեց այդ ռումբերի առաքումը` մտահոգված լինելով, որ Գազայում այդ ռումբերը կարող են կիրառվել նաև խաղաղ բնակչության նկատմամբ:
Մեկ 2000 ֆունտանոց ռումբը կարող է պատռել հաստ բետոնն ու մետաղը՝ ստեղծելով պայթյունի լայն շառավիղ:
Անցյալ տարի Բայդենի վարչակազմը 2000 ֆունտանոց հազարավոր ռումբեր է ուղարկել Իսրայել՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից հետո, սակայն մեկ խմբաքանակ արգելափակել է:
Հարցին, թե ինչու է հանվել հզոր ռումբերն Իսրայելին ուղարկելու արգելանքը, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Որովհետև նրանք գնել են դրանք»։