ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ձգտելու է գործընկերների հետ տարեցտարի ապահովել օտար լեզուների ուսուցման մակարդակի բարձրացում

9 րոպեի ընթերցում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում Հայաստանի ավելի քան 45 քաղաքների և բնակավայրերի 50-ից ավելի մանկավարժներ մասնակցեցին «Ռուսերենը որպես օտար լեզու. տեսական և գործնական հիմունքներ» խորացված ուսուցման դասընթացին, որը կօգնի ուսուցիչներին կիրառել տեսությունը, պրակտիկան և նորարարությունները՝ ռուսաց լեզվի դասավանդումը դարձնելով ավելի գրավիչ և արդյունավետ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, շարունակական մասնագիտական ​​կրթության «Ալֆա դիալոգ» կենտրոնի, Ռուսաստանի Դաշնության դեսպանության, , Խ. Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի, Ի.Ն. Ուլյանովի անվան Ուլյանովսկի պետական ​​մանկավարժական համալսարանի  ներկայացուցիչները և Հայաստանի մշակույթի անվանի գործիչներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման կազմակերպիչ «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանն իր խոսքում նշեց, որ տվյալ նախագիծը գործում է արդեն մի քանի տարի, և ամեն տարի ավելի շատ մարդ է ցանկանում սովորել ռուսերեն: 

«Այս ցանկությունը մեզ ոգեշնչում է շարունակել մեր աշխատանքը և զարգացնել մեր նախաձեռնությունները՝ ուսուցիչներին մասնագիտական ​​աճի նոր հնարավորություններ ընձեռելով»,- ասաց Կարապետյանը։

Նա ընդգծեց լեզուների ուսուցման կարևորությունն ու հավելեց․ 

«Լավ է, որ երեխաները ցանկանում են սովորել տարբեր լեզուներ, իսկ ռուսերենը մնում է պահանջված: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ուսուցիչները, ոգեշնչված նոր գիտելիքներով և ժամանակակից մեթոդներով՝ դասերը ավելի հետաքրքիր և օգտակար դարձնում երեխաների համար»:

Կարապետյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ իշխանություններին՝ մասնավորապես ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը՝ իրականացվող և հաջողությամբ զարգացող ծրագրերին մշտապես աջակցելու համար։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ ռուսաց լեզվի ուսուցիչները բավականին համահունչ են գործում այն քաղաքականության հետ, որը վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ կարևորելով ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը։ 

«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ դա ինքնանպատակ չէ, ուստի, ինքնազարգացման արդյունքները մենք պետք է տեսնենք սովորողների կրթական արդյունքների բարձրացման և, ընդհանուր առմամբ, կրթության որակի դրական փոփոխության համատեքստում։ Շատ կարևորում ենք այն բոլոր գործընկերների աջակցությունն ու նրանց հետ համագործակցությունը, որոնք բացի պետության կողմից առաջարկվող վերապատրաստումներից ու մասնագիտական զարգացման ծրագրերից, այլ միջոցառումներ են իրականացնում: Հատկապես« եթե դրանք հագեցած են փոխադարձ այցելություններով, տարբեր վայրերում սովորածն ու փորձն ավելացնելու, ավելի բարձր մակարդակի մասնագիտացում և որակավորում ունենալու տեսանկյունից։ Հույս ունենք, որ նման վերապատրաստման դասընթացներն ուսուցիչների համար կլինեն օգտակար նաև պետության կողմից կազմակերպվող կամավոր ատեստավորմանը մասնակցելու և տարակարգ ստանալու ժամանակ, ինչը բավականին ոգևորող է»,-ասաց ԿԳՄՍ ներկայացուցիչը։

Թամարա Սարգսյանի համոզմամբ՝ դա թույլ կտա նաև ունենալ ավելի բարձր վարձատրություն, որպեսզի մանկավարժներն իրենց աշխատանքով կարողանան ավելի ապահով ու բարեկեցիկ կյանքով ապրել։ Նա հավելեց, որ նախարարությունը ձգտելու է տարեցտարի օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի ուսուցման մակարդակի բարձրացում ապահովել, հետևաբար, մանկավարժների նախաձեռնողականությունն այդ առումով նույնպես կարևոր է։   

ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևն իր հերթին նշեց, որ ռուսական դիվանագիտական հաստատությունը Հայաստանում ավանդաբար աջակցում է բոլոր միջոցառումներին, որոնք անցկացվում են Վահրամ Կարապետյանի և մյուս գործընկերների նախաձեռնությամբ։ Ըստ նրա՝ այն լուսավորչական գործունեությունը, որն իրականացվում է ՌԴ դեսպանության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու բուհերի օժանդակությամբ, անչափ կարևոր է։

«Ճիշտն ասած՝ այնքան էլ տեղին չէ սա անվանել մասնագիտական կատարելագործմանն ուղղված դասընթաց, քանզի մասնակիցներն արդեն իսկ արհեստավարժ են, որովհետև տվել են բազմաթիվ աշակերտ և ուսանող շրջանավարտներ։ Նրանք այսօր էլ հաջողությամբ կատարում են իրենց աշխատանքը Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ լինելով մեթոդաբանական շղթայի կարևոր օղակները։ Մեր երկրների ղեկավարներն իրենց հանդիպումների ժամանակ քննարկում են նաև ռուսաց լեզվի դասավանդման հարցը, սակայն այն աշխատանքը, որի միջոցով ռուսերենի իմացությունն ապահովվում է երեխաների շրջանում, իսկապես անգնահատելի է, որովհետև մենք ունենք ընդհանուր մշակույթ և ավանդույթներ։ Դպրոցականներն ուսուցիչներից ստանում են ոչ միայն գիտելիքներ, այլև՝ պատշաճ դաստիարակություն»,- ասաց դիվանագետը։

Վոժդաևը վստահեցրեց, որ ՌԴ դեսպանությունը հետայսու նույնպես կաջակցի նման միջոցառումներ ու ծրագրեր նախաձեռնողներին։ Իրենք պարբերաբար կլինեն Հայաստանի տարբեր բնակավայրերում, կայցելեն ուսումնական հաստատություններ՝ տրամադրելով ուսումնական ձեռնարկներ և անմիջականորեն շփվելով սովորողների ու մանկավարժների հետ։

«Մեզ մեծապես հուզում են կրթական նոր չափորոշիչների ընդունման և ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակի հարցերը։ Մենք շարունակական երկխոսություն ենք վարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր դպրոց կարող է ինքնուրույնաբար հաստատել դասավանդման ժամանակացույցը, սակայն հույս ունենք, որ հայկական դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն, քանզի վստահ ենք, որ այսօր էլ աշակերտների շրջանում կա մեծ հետաքրքրություն ռուսաց լեզվի նկատմամբ»,- ասաց ՌԴ դեսպանության խորհրդականը։      

Հրավիրված փորձագետները վարեցին հետևյալ դասընթացները՝

«Ալֆա-Դիալոգ» լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի մեթոդիստ, բանասիրական կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ՝ Մարինա Բոգդանովա. թեմա՝ «Նեյրոնային ցանցերի դերը «ռուսաց լեզուն որպես օտար լեզու» ուսուցման ժամանակ»։

Բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և դրա դասավանդման մեթոդների ամբիոնի վարիչ Նաիրա Դալյան. թեմա՝ «Աշխատանքը թարմացված ուսումնական նյութերի և տեքստերի հետ»։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լեզվի թեստավորման կենտրոնում «ռուսաց լեզուն ինչպես օտարերկրյա» դասընթացների ուսուցչուհի Տաիսիա Ալեքսանդրովա. թեմա՝ «Մանկավարժական արհեստանոցը՝ որպես դասերի անցկացման ձև»։ 

Բանասիրական գիտությունների թեկնածու, Ուլյանովսկի անվան պետական ​​մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի, գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Ելենա Զախարովա. թեմա՝ «Լեզվական միջավայրում ռուսերենի՝ որպես օտար լեզու դասավանդելու փորձ»։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Ալինա Մանուկյան. թեմա՝ «Հոգեբանական մոտեցումը երեխաների հետ աշխատելիս, վստահության և զարգացման բանալին»:

Հայերեն

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր

ԵՄ-ն 30 մլն եվրո կտրամադրի Մոլդովային

Պենտագոնն ամեն ինչ կանի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու համար

Վարչապետն ու «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Վրաստանի և Հունգարիայի խորհրդարանները ստորագրել են շրջանակային գործընկերության համաձայնագիր

Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել