Քաղաքականություն

Գործի մեծ մասն արված է, սակայն 2 հոդվածի համաձայնեցումը կարող է տևական ժամանակ պահանջել. ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի մասին

3 րոպեի ընթերցում

Գործի մեծ մասն արված է, սակայն 2 հոդվածի համաձայնեցումը կարող է տևական ժամանակ պահանջել. ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի մասին

Անհրաժեշտ քաղաքական կամքի պարագայում շատ կարճ ժամանակ կպահանջվի՝ ամբողջացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում:

Միրզոյանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանը փորձում է կարգավորել իր հարաբերություններն իր անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ներկայացրեց երկու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ իրականացվող աշխատանքներին՝ ԱԳ նախարարն ասաց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ երկար ու տքնաջան աշխատել է՝ ունենալու խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ: 

«Այս պահին մենք ունենք 15 համաձայնեցված հոդված՝ քննարկվող 17-ից: Մի կողմից կարող ենք ասել, որ գործի մեծ մասն արված է, մեզ մնում է 2 հոդված համաձայնեցնել, մյուս կողմից, իհարկե, այս հոդվածների համաձայնեցումը կարող է դեռ տևական ժամանակ տևել: Լուծումը մեկն է՝ անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորում երկու երկրների կողմից: Անհրաժեշտ քաղաքական կամքի պարագայում, ես կարող եմ վստահեցնել, որ մեզնից շատ կարճ ժամանակ կպահանջվի՝ տեքստն ամբողջացնելու»,-ասաց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի կողմից այդ քաղաքական կամքը կա: Վարչապետ Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտել է ՀՀ պատրաստակամությունը՝ րոպե առաջ ամբողջացնելու պայմանագրի տեքստն ու ստորագրելու:

«Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ նույն կառուցողական մոտեցումը և պատրաստակամությունը տեսնում ենք մեր հարևաններից: Սակայն սա մի պրոցես է, որն այլընտրանք չունի: Նույնիսկ բարդությունները, որոնց մենք բախվում ենք բանակցությունների ընթացքում, նույնիսկ կառուցողականությունը, որ մեզ հաճախ թվում է, որ չեն կիսում մեր հարևանները, չեն կարող մեզ հիասթափեցնել»,-ասաց Միրզոյանը:

Նա շեշտեց՝ ինչպես ժողովրդավարությունն ու ազատությունը, այնպես էլ խաղաղությունը պարզապես այլընտրանք չունի: Նախարարը տեղեկացրեց Նորդիկ-Բալթիկ երկրների պատվիրակություններին՝ ի դեմս ՀՀ-ի ունեն մի գործընկեր, որը խորապես հավատում է ժողովրդավարությանը, խորապես հավատում է խաղաղությանը և չի դադարել ու  չի դադարելու անել ամեն ինչ, որ Հարավային Կովկասում լինի խաղաղ և ժողովրդավար մի հանգրվան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում