«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը» առաջին տեղում է։ Անին և Դավիթը հավատում են, որ իրենց ամենահամարձակ երազանքն անգամ կարող է իրականանալ: Եվ մի օր, ահա, հրաշքը կատարվում է... Իրենց դպրոցի գրադարանում երեխաները հայտնաբերում են մի փոքրիկ դուռ, որի հետևում թաքնված գաղտնիքները մի նոր աշխարհ են բացում նրանց առջև՝ լի մոգությամբ, պատմությամբ և կլանիչ արկածներով Իսկ դու պատրա՞ստ ես միանալ այդ անհավանական արկածներին... Դե գնացինք:
Հայկ Աջապահյանի «Եգիպտոսի կախարդանքը» երկրորդ տեղում։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը, Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։
Հայկ Աջապահյանի «Կարմիր մոլորակը» երրորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․
Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը» չորրորդ տեղում է։ «Սուրբ ծննդյան երգը» բրիտանացի հանրահայտ գրող Չարլզ Դիքենսի հեքիաթային պատմությունն է` հրատարակված 1843 թվականին: Այն բաղկացած է հինգ գլուխներից, որոնք հեղինակը կոչել է տաղեր: Երկը մաս է Դիքենսի «Սուրբ ծննդյան պատմություններ» ժողովածուի և Ծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս: Այն Էբենեզեր Սքրուջ անունով մի ծեր, քարսիրտ և ժլատ մարդու մասին է, որին Ծննդյան նախօրեին այցելում են իր նախկին բիզնես գործընկեր Ջեյքոբ Մարլիի, ինչպես նաև Սուրբ ծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագային ոգիները: Թե ինչ է տեղի ունենում նրանց այցելությունից հետո, կիմանաք՝ ընթերցելով այս զարմանահրաշ պատմությունը: Դիքենսը «Սուրբ ծննդյան երգը» գրել է ի պատասխան բրիտանական հասարակության՝ աղքատության, հատկապես՝ աղքատ երեխաների հանդեպ վերաբերմունքի և դրա հետևանքների, և ցանկացել է պատմությունը օգտագործել որպես դրա դեմ փաստարկ՝ ցույց տալով ինքնամաքրման միջոցով մարդկային արատները հաղթահարելու ճանապարհը:
Հինգերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» վեցերորդ տեղում է։ Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք․․․Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով․․․Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ու՞ր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ․․․
Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» յոթերորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով: Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:
Ութերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
«Սուրբ ծննդյան պատմություններ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է։ Սուրբ ծննդյան զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է տասնվեց հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն (թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից): Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար: Հրաշքներով ու կախարդական պատմություններով լի այս գիրքը առաջինն է իր տեսակի մեջ, որ հայ ընթերցողին ուղեկցում է դեպի Սուրբ ծննդյան Լույսը:
Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» տասներորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։ Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։
Տեղ | Փոփոխ․ | Գիրք | | Հրատ․ | Քանակ |
1 | 0 | | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը» | Դավինչի | 1711 |
2 | -4 | | Հայկ Աջապահյան, «Եգիպտոսի կախարդանքը» | Դավինչի | 472 |
3 | -4 | | Հայկ Աջապահյան, «Կարմիր մոլորակը» | Դավինչի | 423 |
4 | Նոր | | Չարլզ Դիքենս, «Սուրբ ծննդյան երգը» | Էդիթ Պրինտ | 312 |
5 | * | | «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» | Դավինչի | 139 |
6 | -3 | | Սոսուկե Նացուկավա, «Կատուն, որ փրկեց գրքերը» | Դավինչի | 137 |
7 | +2 | | Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» | Բուկինիստ | 105 |
8 | +2 | | Ռոալդ Դալ, «Չարլին և շոկոլադի գործարանը» | Անտարես | 87 |
9 | Նոր | | «Սուրբ ծննդյան պատմություններ» | Էդիթ Պրինտ | 68 |
10 | * | | Հովհաննես Արամյանց, «Անտառի գիրքը» | Դավինչի | 65 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: