ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է այն առավելությունները, որոնք կստանան եկամուտները հայտարարագրող ֆիզիկական անձինք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշված է. «Եթե տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առողջապահության կամ կրթության գծով կատարել են որոշակի սոցիալական ծախսեր, ապա նրանք անձնական եկամուտները հայտարարագրելու պարագայում հնարավորություն են ունենում ստանալու փոխհատուցում իրենց կողմից կատարված ծախսերի դիմաց:
Առողջապահության ապահովագրության փաթեթի գծով սոցիալական ծախսի համար տարեկան փոխհատուցման առավելագույն չափը 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ 100.000 դրամ: Ընդ որում, սոցիալական ծախսերի այս համակարգից հնարավորություն ունեն օգտվելու ոչ միայն հայտարարատու ֆիզիկական անձինք, այլ նաև վերջիններիս ընտանիքի անդամները:
Ի լրումն վերոգրյալի՝ հավելենք, որ քաղաքացիների և վերջիններիս ընտանիքի անդամների համար նշված ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ»: