Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ
1 րոպեի ընթերցում
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին։
«Մեր բյուջեում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ։ Զրո է եկամուտը։ Մենք եկամտային տող չունենք, որ հայտարարագրման արդյունքում մեր բյուջեն կստանա, օրինակ, 100 դրամ եկամուտ։ Այդպիսի բյուջետային եկամտի տող ընդհանրապես գոյություն չունի»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը պարզաբանեց, որ համակարգի հիմնական նպատակը ոչ թե բյուջետային եկամուտների ավելացումն է, այլ ֆինանսական գործընթացների թափանցիկության ապահովումը։
Փաշինյանը նշեց, որ ընդունում է քննադատությունը, թե համընդհանուր հայտարարագրման թեման պատշաճ չի կոմունիկացվում կամ չի ներկայացվում հանրությանը։
«Բայց մյուս կողմից թեման այնքան բազմաշերտ է, որ մեկ էջանոց տեքստով, որը կպատասխանի բոլոր հարցերին, ներկայացնելը հնարավոր չէ»,- ասաց նա։