Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«ԲԴԽ անդամի թեկնածության մասով Սիրունյանը հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի։ Պարզաբանվելուց հետո առիթ կլինի, կխոսենք»,-ասաց Հայկ Կոնջորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին, սակայն քաղհասարակության կազմակերպությունները և ընդդիմությունը կոչ էին արել չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց։ Հայտարարության մեջ նշվել է, որ Ալեքսանդր Սիրունյանը նախկինում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սոցիալական հարթակներում օգտագործել է հայհոյախառն բառապաշար և տարածել է ատելության խոսք։