Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով:
Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր Բելաևը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ մշակութային ժառանգության պաշտպանության:
«Մենք պատրաստակամ ենք համագործակցել և աջակցություն տրամադրել՝ ի շահ մեր հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման: Կարևոր է, որ մասնավոր հատվածն ակտիվ լինի, և նման գործընթացները հնարավորինս շատ լինեն»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը։
Ալեքսանդր Բելաևը ևս շնորհակալություն է հայտնել վստահության և համագործակցության համար և հույս հայտնել, որ հանրօգուտ գործի սկիզբն անպայմանորեն հաջողելու է:
Հուշագրի համաձայն՝ ԿԳՄՍՆ-ն սահմանված կարգով նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում կքննարկի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն, կհաստատի ներկայացված աշխատանքային նախագծերը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն, աջակցություն և այլն:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի տեղափոխման և նոր վայրում վերականգնման աշխատանքները՝ դրանք նախապես համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության հետ: