Ռուսաստան

Ազովի ծովի ափից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և ջրիմուռներ

2 րոպեի ընթերցում

Ազովի ծովի ափից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և ջրիմուռներ

Ազովի ծովի ափի գրեթե 6 կմ աղտոտվել է Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանում՝ Կերչի նեղուցի մոտ լցանավերի հետ կապված արտակարգ պատահարից հետո, որի հետևանքով նավթամթերքի արտանետումներ են սկսվել։ Տվյալ հատվածից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և աղտոտված ջրիմուռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

Ազովի ծովի ափի աղտոտումը մազութի արտանետումների պատճառով սկսվել է հունվարի 20-ից։ Կուբանի Սլավյանսկի շրջանի իշխանությունները հայտնել են, որ մազութով աղտոտված ավազի և ջրիմուռների ֆրակցիաներ են հայտնաբերվել Կուչուգուրի ավանի և Աչուևո գյուղի շրջանում: Ֆրակցիաների չափերը կազմում են 4-ից մինչև 45 սմ, աղտոտվածություններ գրանցում են ջրից 5-10 մ հեռավորության վրա։

«Հունվարի 20-ից ափը մաքրում են 65 մարդ և 8 միավոր տեխնիկա: Ազովի ծովի ափի Սլավյանսկի շրջանում հավաքվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և նավթամթերքներով աղտոտված ջրիմուռներ: Կազմակերպված է 8,5 կմ երկարությամբ ափային գոտու մոնիթորինգ: Կատերներով պարեկում են ջրատարածքը», - ասված է տարածաշրջանային օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը, ինչի հետևանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ լցանավերի աղետի պատճառով ծովն է թափվել շուրջ 2400 տոննա մազութ։

Սևաստոպոլում մազութի արտանետումներ են գրանցվել հունվարի 3-ից։

Ըստ տարածաշրջանի իշխանությունների՝ Ղրիմի ափերի մոտ 1160 թռչուն և 5 դելֆին են անկել մազութի արտահոսքի պատճառով:

Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Սևաստոպոլում սահմանվել են տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմներ, ինչպես նաև գործում է արտակարգ դրության դաշնային ռեժիմ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում